Ռեջեփ Թայիփ Էրդողանի փաստաբանները հայտնել են, որ Թուրքիայի նախագահը մտադիր է բողոքարկել Ստամբուլի դատարանի՝ մարտի 3-ի որոշումը, որը Էրդողանին մեղավոր է ճանաչել արվեստի գործը վիրավորելու համար և նրան պարտավորեցրել որպես փոխհատուցում վճարել 10 հազար լիրա (շուրջ 4000 դոլար)՝ հուշարձանի հեղինակին հասցրած բարոյական վնասի դիմաց: Հաղորդում է IBTimes-ը։
«Մարդկության հուշարձանի» քանդակագործ Մեհմեթ Աքսոյը, որը Էրդողանից պահանջում էր 100 հազար լիրայի չափով փոխհատուցում, ավելի ուշ հայտարարել է, որ միայն այս դատը շահելով չի բավարարվելու և հուշարձանը վերականգնելու նպատակով արդեն դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), և այժմ Թուրքիայի դեմ դատական գործ է բացվել։
Հիշեցնենք, որ «հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի» կառուցման աշխատանքները դեռ չէին ավարտվել, երբ 2011 թվականի հունվարի 8-ին Կարս այցելած Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Թայիփ Էրդողանը «Մարդկության հուշարձանն» անվանեց «այլանդակ»՝ կարգադրելով ապամոնտաժել այն։ 5 ամիս անց՝ հունիսի 14-ին, հուշարձանն ապամոնտաժվեց։










































