Ռուսաստանի տնտեսական աճի տեմպի դանդաղումը զգալի բացասական ազդեցություն է ունենում Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների վրա: Ria Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Fitch միջազգային վարկանշային գործակալության հաղորդագրության մեջ:
«Ռուսաստանի տնտեսական աճի տեմպի կտրուկ դանդաղումը էական ցնցում է ԱՊՀ մյուս երկրների տնտեսությունների համար, բայց ազդեցությունն այդ երկրների վարկունակության վրա էականորեն տարբերվում է»,- ասվում է գործակալության մամլո հաղորդագրության մեջ:
Իրավիճակը Ռուսաստանի տնտեսությունում անմիջական ազդեցություն է ունենում ԱՊՀ երկրների վրա, որոնց հետ երկիրը տնտեսական սերտ կապեր ունի առևտրի, դրամական փոխանցումների և ներդրումային հոսքերի միջոցով, բացատրում են վերլուծաբանները: «Պարզվեց՝ ռուբլու կտրուկ անկումն անուղղակիորեն կարևոր գործոն է տարածաշրջանի արժույթների նշանակալի ճշգրտումների համար»,- գրում է Fitch-ը:
Ռուսական ռուբլու արժեզրկման ազդեցությունը զգացել են նաև Ղազախստանն ու Ադրբեջանը: «Մենք կարծում ենք, որ մեծ հավանականություն կա, որ Ղազախստանը (ազգային արժույթը) ևս կարող է արժեզրկվել»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանը Հայաստանից ապրանքների արտահանման հիմնական շուկան է և հայկական կողմի ուղղակի օտարերկրյա ներդրումների ու դրամական փոխանցումների խոշորագույն աղբյուրը: Ուստի Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերի դանդաղումը լուրջ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական աճի հեռանկարների վրա, կարծում են գործակալության վերլուծաբանները:
Ռուսաստանում տնտեսական իրավիճակում առավել քիչ փոփոխությունների, գործակալության տվյալներով, ենթարկել է Վրաստանը: «Ե՛վ Հայաստանը, և՛ Վրաստանը իրենց արժույթները լողացող փոխարժեքի մեջ են դրել՝ այդպիսով ապահովելով արժութային պահուստների մեղմումն ու պահպանումը»,- հավելում են վերլուծաբանները:
Ուկրաինայի և Ռուսաստանի տնտեսական սերտ կապերի խափանումն Ուկրաինայում տնտեսական կտրուկ անկման պատճառ դարձավ, կարծում են վերլուծաբանները: «Ուկրաինան ԱՊՀ երկրորդ (Ռուսաստանի տնտեսությունում տատանումներին) առավել ենթակա երկիրն է, որն ընդգրկված է Fitch-ի վարկանիշում՝ նույնիսկ առանց ընթացիկ հակամարտության և առևտրային սահմանափակումների ազդեցությունը հաշվի առնելու»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Սոնա Ավագյանը









































