Երկրագնդի ամենատարեց բնակչուհի Միսաո Օկավան, որը ծնվել է 1898թ. մարտի 5-ին՝ Օսակայում, նախապես է նշել իր 117-ամյակը: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Տոնը նշվել է մարտի 4-ին՝ Օկավայի փաստացի ծննդյան օրվանից մեկ օր առաջ, Օսակայի ծերանոցում, որտեղ հիմա ապրում է նա: Թե ինչու է կինը նախօրոք նշել ծննդյան օրը՝ չի հաղորդվում:
Օկավան ասել է, որ 117 տարին «այնքան էլ երկար ժամանակ» չի համարում: Ծերանոցի անձնակազմը պատմել է, որ վերջին ամիսներին Օկավան լսողության հետ կապված խնդիրներ ունի և սկսել է քիչ ավելի դանդաղ տեղաշարժվել, սակայն միտքն առողջ է:
Միսաո Օկավան ծնվել է Տենամա գյուղում՝ Օսակայից ոչ հեռու: 1919թ. նա ամուսնացել է, ունի 3 երեխա: 1931թ. Օկավան այրիացել է: Հիմա նա 2 դուստրերից ու որդուց բացի՝ ունի 4 թոռ ու 6 ծոռ: