«Պաշտպանական կողմի դիրքորոշումն իրականությանը չի համապատասխանում: Մենք իրավունք ունենք Վերաքննիչ բողոք բերել և շարունակել հնարավորություն ունենալ ապահովագրական ընկերությունից ստանալ մեզ հասանելիք գումարները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի պաշտպան Ռուբեն Բալոյանը՝ անդրադառնալով Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի այն դիտարկմանը, թե տուժող կողմը վերաքննիչ բողոքը ներկայացնելուց հետո ապահովագրական ընկերությունից չի կարող ստանալ իրեն հասանելիք գումարը:
«Տուժող կողմը ապահովագրական ընկերությունից չի կարող ստանալ իրեն հասանելիք գումարը, իսկ եթե չբողոքարկեին, յուրաքանչյուր տուժող կարող էր ստանալ մինչև 3 միլիոն 300 հազար դրամ գումար, այդ թվում նաև՝ մահացած երեխաները: Արթուր Հակոբյանը կարող էր ստանալ իր բուժման համար գումար, Տաթևիկ Հակոբյանն էլ կարող էր ստանալ արդեն իսկ վճարված և ապագայում բուժումը կազմակերպելու գումարը: Երբ բողոքարկում են, չեն կարողանա այդ գումարը ստանալ, ոչ էլ կազմակերպել Տաթևիկ Հակոբյանի բուժումը»,- ասել է Վարդան Պետրոսյանը:
«Անկախ վերաքննիչ բողոք բերելուց՝ մենք չենք զրկվում այդ հնարավորությունից: Իսկ թե պաշտպանը որտեղից է դա վերցրել, ես չեմ կարող ասել, իրենից հարցրեք»,- հավելեց Բալոյանը:
«Առաջին լրատվական»-ը փորձեց Նիկոլայ Բաղդասարյանից պարզել, թե հատկապես որ օրենքը, իրավական ակտն է արգելում տուժող կողմին վերաքննիչ բողոքի դեպքում հետ ստանալ իր ապահովագրական վճարները, քանի որ նույն օրենքով սահմանվում է, որ դատական ակտի ուժի մեջ մտնելուց հետո կողմը կարող է 3-ամսյա ժամկետում դիմել և ստանալ իր հասանելիքը: Պարզվեց, սակայն, որ Բաղդասարյանը նկատի է ունեցել, որ վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում տուժող կողմի համար երկարաձգվում է ապահովագրական վճարի ստացման ժամկետը: «Ես նկատի ունեմ, որ եթե տուժող կողմը վերաքննիչ բողոք է բերում, ապա դրանով երկարաձգում է ապահովագրական ընկերությունից գումարներ ստանալու պրոցեսը: Գումարի ստացումը կողմի համար հետաձգվում է: Այսինքն՝ զուտ ժամանակի հարց է: Վերաքննիչ բողոքի դեպքում իրենք ավելի ուշ կստանան փողերը, և ստիպված կլինեն, ասենք, ավելի ուշ սկսել տուժողի բուժումը:
Վերաքննիչ բողոքը երկարաձգում է նաև Վարդան Պետրոսյանի՝ ազատության մեջ հայտնվելու ժամկետը: Մի խոսքով` դա ձեռնտու չէր ո՛չ տուժող կողմին, ո՛չ Վարդան Պետրոսյանին»,- ասաց Պետրոսյանի պաշտպանը:
Նշենք, սակայն, որ տուժող կողմի պաշտպան Ռուբեն Բալոյանն արդեն իսկ ներկայացրել է վերաքննիչ բողոքը, և առաջիկա 15-20 օրում հայտնի կլինի բողոքի քննության օրը:
Տուժող կողմը վերաքննիչ դատարանից երեք պահանջ ունի՝ կապված տուժող Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերի, Վարդան Պետրոսյանի պատժի ժամկետի անհամաչափության և Վարդան Պետրոսյանին վարորդական իրավունքից զրկելու ժամկետի հետ: Ըստ տուժող կողմի՝ Վարդան Պետրոսյանը պետք է դատապարտվեր ոչ թե 5, այլ 6 տարի ժամկետով, և նրան դատարանը վարորդական իրավունքից պետք է զրկեր ոչ թե 2, այլ 3 տարի ժամկետով:









































