Լուրեր
«Կդառնա՞ Սերժ Սարգսյանը Ֆիդել Կաստրո»
  • 22:00
  • 2015-02-22
  • Դիտումներ՝ *

 

«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է դերասան Սերգեյ Դանիելյանը:

-Պարոն Դանիելյան, վերջին «Դիվադադարները» շատ քաղաքականացված էին, մի կողմում իշխանությունն է, մյուս կողմում ոչ իշխանությունը։ Կրկեսն ավարտվե՞ց։

-Չեմ կարող ասել՝ ավարտվեց, թե ոչ, կարող է դեռ շարունակվել։ Չէի ուզենա ավարտվեր, որովհետև դա իմ հացն է, և ոչ միայն իմը (ծիծաղում է)։

-Ի՞նչն էր կարևորվել այդ իրադարձություններում, որ անդրադարձաք։ Դուք անդրադարձել էիք նաև նախորդ տարվա հոկտեմբերի հանրահավաքին, ապա Ծառուկյան-Սարգսյան հակամարտությանը, որը հանգուցալուծում ստացավ։ 2013-ին էլ, 2008-ին էլ կային քաղաքական իրավիճակներ, բայց այսքան մեծ ուշադրության չէիք արժանացրել, Ձեր ստեղծագործական պիկը՝ դիվադադարների շարքը հենց վերջին քաղաքական զարգացումների շուրջ էին։

-Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, չեմ հասկանում այդ ամենը, բայց այն, ինչ մակերեսին դրված է, իհարկե, ինձ համար բավականին հետաքրքիր է, ինչպես հետաքրքիր ու մտահոգիչ է յուրաքանչյուր մարդու համար։ Դրա մեջ ես փորձում եմ վերցնել այն շերտը, որի մասին կարելի է խոսել, կարելի է խոսել հումորով, առանց թարախի ու թույնի՝ հնարավորին չափ։ Այդ ամենում երգիծանք կա, բայց հավատացեք՝ ցավ կա ավելի շատ, քան թե չարախնդություն։ Իսկ պիկը հիմա է, որովհետև եթե առաջ դա միայն ներկայացումների մեջ էի արծարծում, որոնք ավելի փակ շրջանակի համար էին, հիմա դուրս եմ եկել համացանց, դրա համար ավելի շատ են դիտում, բայց դա չի նշանակում, որ առաջ ավելի ակտիվ չէի արձագանքում իրադարձություններին։ Հիմա շատ հետաքրքիր զարգացումներ կան, որոնց արտիստը չի կարող ուշադրություն չդարձնել, որը բոլոր քաղաքացիների նման դրա մեջ է։ Եվ ինձ հետաքրքիր է այդ ամենին կողքից նայելը։

-Ասում եք ցավ է. դա ցավ է ստեղծված իրավիճակի՞ համար, որ ունենք նման իշխանություն և ոչ իշխանություն, և որը հուսահատեցնում է հասարակությանը։

-Յուրաքանչյուր մարդ էլ ցավ է ապրում ստեղծված իրավիճակի համար, քանի որ սա մեր հայրենիքն է, սարսափելի հիվանդ, ճգնաժամի մեջ, անառողջ մի վիճակ է։ Մենք 26 տարվա ընթացքում չունենք բնակչության աճ, նման բան չի եղել։ Մենք չունենք տնտեսական աճ, կարելի է ասել՝ չունենք տնտեսություն, մի քանի մարդ փորձել են ինչ-որ բան անել, և վերջ։ Մենք իրականում սարսափելի վիճակի մեջ ենք։ Երբ նայում եմ պատմությանը, երևի 1920-ականներին ենք մոտենում, երբ էլի ամբողջը քանդվեց, և մի բուռ մտավորականներ կարողացան ինչ-որ բան ստեղծել, հետո եկավ խորհրդային իշխանությունը, ստեղծեցինք ինչ-որ մի հասարակություն։ Հիմա դրանից հետո սա երկրորդ հարվածն է ժողովրդին, որից դեռ չենք կարողանում դուրս գալ, ժողովուրդն էլ միշտ հուսախաբվում է, փրփուրներից է բռնվում։ Մարդկանց թվում է, որ ինչ-որ մեկը պիտի գա, ինչ-որ մի հարուստ ձյաձյա, փրկիչ։ Ժողովրդի մի մասը դա տեսնում է Գագիկ Ծառուկյանի մեջ, մի մասը իշխանության մեջ՝ ինչու ոչ։ Ինչ-որ մասը այլ գործիչների մեջ է տեսնում, նրանց ապավինում, բայց իրականում մենք ինքներս պիտի փոխվենք ու հասկանանք, թե ինչ ենք ուզում. ուզում ենք երջանիկ ապրե՞լ, թե՞ ուզում ենք պետություն։ Դա շատ կարևոր հարց է։

-Հարցումները ցույց են տալիս, որ մարդիկ ուզում են կուշտ ապրել։

-Եթե ուզում ես կուշտ ապրել, բերանդ փակի, գլուխդ կախի ու աշխատի։ Ու անպայման չի Հայաստանում, կարող ես նաև այլ երկրում կուշտ ու երջանիկ ապրել։ Ո՞վ է ասել, որ երջանիկ ու ինքնաբավ ապրելու համար պետք է պետություն և լավ իշխանություն ունենալ։ Այդպիսի բան չկա, մենք խառնել ենք իրար։ Եթե մենք ուզում ենք ինքնիշխան երկիր, դա երջանկության հետ կապ չունի։ Դա ծանր ու արյունոտ ճանապարհ է՝ գիլիոտիններով, բերդերով, պատերազմներով հագեցած, որից հետո, ով գիտի, միգուցե ստեղծվի մի հասարակություն, որտեղ մենք կուշտ ու երջանիկ կապրենք։ Իսկ միգուցե էլի չստեղծվի։ Մենք չգիտենք ինչ ենք ուզում, մենք ուզում ենք կուշտ ապրել, իսկ դրա համար պետք է հաց։ Իսկ հացի համար պետք է աշխատատեղ ու դրա համար բոլորովին կարևոր չէ Ռուսաստանը կտա այդ աշխատատեղը, քո իշխանությունը, թե Չինաստանը։ Դա ինքնիշխանության կամ լավ նախագահի հետ կապ չունի։

-Վերջին իրադարձությունների ընթացքում և հետո ամենից շատ խոսվում էր այն մասին, որ այս պայքարը, այս կրկեսը առհասարակ ոչ մի կապ չունի հասարակության և նրա սպասումների հետ։ Ներկայումս մենք պետք է ճշգրտենք հասարակության սպասումնե՞րը, թե՞ հասարակությունը շատ լավ գիտակցում է, որ որևէ մեկն իր շահերի մասին չի մտածում, ընդամենը փողի կռիվ են տալիս։

-Նախ հասկանանք՝ ինչ բան է հասարակությունը։ Հասարակությունը բազմաշերտ է։ Մենք ունենք հասարակություն, որ կարող է «Երևան մոլ»-ում իրար մռութ ջարդել, մեկ դոլարով հեռուստացույց գնելու համար կարող է կորցնել մարդկային կերպարանքը։ Մենք ունենք մի հասարակություն, որ կանգնած է սահմաններում և պայքարում է մեր ազատության ու անկախության համար։ Մենք ունենք հասարակություն, որ նստած է իշխանության, մենք ունենք հասարակություն, որ արվեստի մեջ է։ Հիմա որն է հասարակությունը, այն բազմաշերտ է։ Պարզ է, որ հասարակության ինչ-որ մի մասը հավատում է, որ կգա մի լավ ձյաձյա և իրենց կփրկի, իրենց առանձնապես բան անել պետք չի։ Կա հասարակություն, որ կողքից նայում է այս ամենին ու ծիծաղում, այդ մասը ավելի քիչ է։

-Իսկ գաղափարներ ու մտքեր գեներացնողները ովքե՞ր պիտի լինեն՝ մտավորականնե՞րը, այլընտրանք առաջարկող ուժե՞րը։

-Մենք 1915 թվականից մինչ օրս մեր մտավորականներին փչացրել ենք։ Այդ փչացնելու գաղափարը տարբեր իշխանությունների կողմից տարբեր ձևով դրսևորվել է։ 1915-ին մենք փչացրեցինք՝ նրանց ծախելով թուրքերին, որոնք նրանց գլխատեցին, հետո գլխատեցին նաև մեր ժողովրդին։ 1918-ից մինչև Խորհրդային Միության փլուզումը մենք մտավորականներին փչացնում էինք, երբ հասարակությունն էլի նրանց ծախում էր իշխանություններին, նրանց բռնում էին, նստացնում էին, գլխատում էին։ Հիմա նրանց մենք փչացնում ենք նրանց վզին եռագույն կախելով և դնելով իշխանության կողքին՝ կոչումներ ու պաշտոններ տալով։ Դա էլ փչացնելու ձև է։ Այդ փչացնելու մեխանիզմը մեզ մոտ լավ զարգացած է, մենք չունենք սերուցք։ Խորհրդային ժամանակվա այն փոքր սերուցքը, որ մի կերպ դուրս պրծավ և թեկուզ փչացած, բայց կարողացավ Գորբաչովի դեմ դուրս գալ, հիմա դա էլ չունենք։ Խոսքը Հենրիկ Իգիթյանի, Սիլվա Կապուտիկյանի, Վիկտոր Համբարձումյանի մասին է, որոնք գնացին Մոսկվա և ասեցին այն ամենը, ինչ մտածում էին խորհրդային կարգերի մասին։ Նրանք որոշ չափով կարողացան կազմակերպել ժողովրդին, թեև հետո նրանց էլի փչացրեցին։

Մտավորականը միայն նա չի, որ գրելով կամ նկարելով  է փող վաստակում։ Մտավորականը Հովհաննես Թումանյանն է, որ կարողանում էր դրոշը վերցնել ու գնալ բանակցությունների հայերի ու թաթարների միջև։ Հեղինակություն ուներ, կարողանում էր ինչ-որ հարցեր լուծել։

-Հիմա մեր մտավորականները նամակներ են գրում ռուսաց թագավորին։

-Դե դրանք ի՞նչ մտավորական։ Նման խղճուկ միտք միայն Զորի Բալայանի մտքում ծնվեց։ Ոչ մի ուրիշ ադեկվատ մարդ նման հիմար միտք չէր կարող ծնել։ Չէ, հիմա մտավորականները ռուսաց թագավորին էլ չեն գրում։ Հիմա էլի մեր մտավորականներին փչացրեցին։ Մեզ մոտ իշխանությունը միշտ կարողանում է փչացնել՝ մտավորականներին, ընդդիմությանը։ Փչացնում են պաշտոն տալով, կոչում տալով, քծնելով։ Մտավորականներն այդ խայծն ուտում են, մեկ էլ տեսնում են, վայ, արդեն փչացան։

-Ինչի՞ց է դա գալիս. փո՞ղն է գայթակղիչ, կոչումն ու պաշտո՞նն են գայթակղիչ։ Ի՞նչն է դրդում մտավորականին նման քայլի, որի գերխնդիրը պետք է լիներ մտքերի գեներացիան։

-Մտավորականությունը ստեղծվում է հասարակությունից։ Հասարակության մենթալիտետն այսօր թույլ չի տալիս, որ նա ծնի այնպիսի մտավորական, որը նյութապաշտ չլինի, որին նյութը չկարողանա գայթակղել։ Հիմա դժվար թե մտավորական ծնվի, որին պետք չի բարեկեցություն։ Կամ գուցե կան այդ մտավորականները, բայց քաշ չունեն, թափ չունեն, հեղինակություն չունեն։ Գուցե իրենց ստեղծագործություններն այնքան ուժեղ չեն, որ ժողովուրդը նրանց անվերապահ հավատա, ինչպես ժամանակին ողջ ժողովուրդը թումանյանապաշտ էր։

 

Ավելին՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *