Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն ստորագրել է «Ամուսնության մասին» թարմացված օրենքը, որը թույլատրում է միասեռ ամուսնությունները: Այս մասին հաղորդում է Yle-ը: Օրենքը ուժի մեջ կմտնի 2017 թ. մարտի 1-ին:
Սա երկրի պատմության մեջ առաջին օրինագիծն է, որն ընդունվել է քաղաքացիների նախաձեռնությամբ: Ֆինլանդիայում այն ընդունելու համար 50 հազար ստորագրություններ են հարկավոր, սակայն դրան 167 հազար մարդ է աջակցել:
Նոր օրենքի ընդունման կապակցությամբ արդարադատության նախարարությունը ստիպված կլինի որոշ փոփոխություններ մտցնել օրենսդրությունում:
2014 թ. դեկտեմբերի 12-ին երկրի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է միասեռ ամուսնությունների մասին օրենքը: Համապատասխան օրենքի ընդունմանը կողմ են քվեարկել 101 պատգամավորներ, 90-ը դեմ են արտահայտվել այդ նախաձեռնությանը:
Ֆինլանդիայում քաղաքացիները 2002 թ. սկսած կարող էին գրանցել իրենց քաղաքացիական գործընկերությունը, սակայն պաշտոնապես ամուսնանալ նրանց չէր թույլատրվում:









































