Իսպանիայի Ժողովրդական կուսակցությունը հերքել է այն մեղադրանքը, ըստ որի՝ կուսակցության ղեկավարությունը, որոնց թվում վարչապետ Մարիանո Ռախոյը, հարստացել են կուսակցության գաղտնի հիմնադրամների հաշվին։
Հինգշաբթի օրը իսպանական խոշորագույն El Pais պարբերականը տվյալներ է հրապարակել կուսակցության գաղտնի հաշիվների մասին, որոնցից իբր պարբերաբար վճարվել են կուսակցության որոշ անդամները։ Պարբերականի տվյալներով՝ դա կատարվել է մի քանի տարի շարունակ։
Կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք ոչինչ չունեն թաքցնելու, և իրենց մոտ ամեն ինչ ընթանում է թափանցիկ կերպով։
Վերջին ամիսներին Իսպանիայի իշխանությունները բյուջետային տնտեսության կոշտ մեթոդներ են կիրառում։ Երկրում գործազրկության մակարդակը ռեկորդային չափերի է հասել՝ 26%:









































