ԱՄՆ-ը որոշում է ընդունել սիրիական «չափավոր ապստամբներին» տրամադրել գնդացիրներով և ռադիոմիջոցներով զինված բեռնատարներ՝ ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») դեմ պայքարում ավիահարվածների համար կանչելու ամերիկյան ավիացիան: Այս մասին հաղորդվում է The Wall Street Journal-ի էլեկտրոնային կայքում:
Նրա տվյալներով՝ ԱՄՆ-ը մտադիր է կրկնել Քոբանի քաղաքի մատույցներում ռազմական գործողության հաջողությունը, որտեղից հունվարին քուրդ աշխարհազորայիններին հաջողվեց դուրս շպրտել ԴԱԻՇ-ին:
«4-6 ապստամբներից կազմված խմբերը կստանան Hi-Lux Toyota պիկապներ՝ դրանց վրա տեղադրված գնդացիրներով, կապի միջոցներով և արբանյակային համակարգերով՝ կոորդինատները որոշելու համար, որոնք նրանց թույլ կտան կանչել ԱՄՆ ավիացիան՝ հարվածների համար: Մարտիկներին կհատկացվեն նաև ականանետներ, սակայն վարչակազմը զերծ է մնացել նրանց ավելի կատարյալ հակատանկային զենք հատկացնելուց»,- ասվում է հաղորդագրությունում:










































