Հայաստանի ներքաղաքական զարգացումները երեկ շարունակվել են կայծակնային, սակայն վերջին օրերի համար հակառակ արագությամբ: Երեկ տեղի են ունեցել միանգամից երկու անսպասելի իրադարձություններ:
Նախ հրապարակվեց ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին, որով նա առաջարկում էր Սարգսյանին դեմ առ դեմ հանդիպել և քննարկել Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի հետ կապված խնդիրներ, պատրաստել միջազգային հանրությանն ուղղվելիք մի նոր փաստաթուղթ:
Հանրությունը չէր հասցրել մարսել այդ լուրը, հասկանալ, թե ինչ է ուզում ասել Տեր-Պետրոսյանը, ինչու է, այսպես ասած, փոխում ալիքը Ծառուկյանի հանդեպ գրոհի վրայից, ինչ սեպարատ համաձայնության է ուզում գալ Սերժ Սարգսյանի հետ, երբ տարածվեց լուր, որ հանդիպում են Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը` Դաշնակցության միջնորդությամբ, թեև եղել են հրապարակումներ նաև, որ հաշտարար միջնորդություն է իրականացնում նաև ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանը՝ Տաշիրի Սամոն:
Այդ հանդիպման և միջնորդական առաքելության կոնկրետ արդյունքներ առայժմ հայտնի չեն դարձել, միգուցե որոշակիություն ի հայտ գա այսօրվա ընթացքում: Առայժմ միայն հարցեր են՝ եթե հաշտվում են, ապա ինչի հիմքով, եթե հաշտվում են, ապա ինչ է լինում Ծառուկյանի հեռանալու պահանջի հետ, որ հնչեցրել է Սերժ Սարգսյանը, եթե հաշտվել են, ապա ինչ է լինելու սահմանադրական փոփոխությունների հետ, եթե հաշտվել են, ապա ինչ է անելու Ծառուկյանի ոչ իշխանական բևեռը:
Այս եթե-ների շարքը կարելի է շատ երկար շարունակել, սակայն մյուս կողմից` երևի թե իմաստ չունի, քանի որ ըստ էության այդ հարցերն իմաստ ունեն այն դեպքում, երբ հարցերի պատասխաններից հասարակությունը պետք է եզրակացություններ անի: Իսկ հասարակությունը եզրակացությունների համար արդեն իսկ հսկայական հիմքեր ունի և եթե եղածով չի արել համապատասխան հետևություններն ու եզրակացությունները, ապա նոր հիմքերը նշանակում է անիմաստ են:
Լուսանկարը՝ Photolure-ի









































