ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը հունվարի 24-27-ը աշխատանքային այցով մեկնել էր Իտալիայի Հանրապետություն` մասնակցելու հունվարի 25-26-ը Թուրինում և մոտակա քաղաքներում Հայոց Ցեղասպանության տարելիցին նվիրված հանդիպումներին և միջոցառումներին:
Հունվարի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալն այցելել է Պրոֆեսոր Թավերնայի կողմից կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ ներկայացվել են նաև հայ նկարիչների աշխատանքներ: Ցուցահանդեսին ներկա են եղել նաև Միլանի «Հայ տուն» մշակութային կենտրոնի տնօրեն Մարինա Մավյանը, համայնքի ներկայացուցիչներ:
Հունվարի 25-ին Վ. Ջիլավյանը հանդիպում է ունեցել Իտալական բանակի զինվորական դաստիարակության Թուրինի մասնաճյուղի տնօրեն գեներալ Կլաուդիո Վերչելլոտտիի հետ, որին մասնակցել են նաև Հայաստանից Թուրինում ուսանող երկու հայ երիտասարդ սպա:
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել գեներալ Կլաուդիո Վերչելլոտտիին՝ հայ սպաների հանդեպ ջերմ վերաբերմունքի և նրանց զինվորական դաստիարակության գործում մեծ ավանդ ներդնելու համար, ինչպես նաև իր գոհունակությունն է հայտնել 2012թ. հոկտեմբերին Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Դի Պաոլայի՝ Հայաստան այցի հետ կապված, որի ընթացքում կնքվել են երկկողմ պայմանագրեր Հայաստանի և Իտալիայի միջև:
Այցերի ընթացքում Վ.Ջիլավյանին ուղեկցել են Իտալահայոց միության նախագահ պրոֆեսոր Բայքար Սիվազլյանը, Միլանում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Պիետրո Քուչակյանը և Թուրինում հայ համայնքի ղեկավար Գարեն Կոկցիյանը:
Նույն օրը նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Ավիլիանայի քաղաքապետ Անջելլո Պատրիցիոյի հետ, որին ներկա են եղել Ավիլիանայի փոխքաղաքապետ Առնալդու Ռեվիլիոն և մշակույթի բաժնի տնօրեն Անդրեա Արկինան:
Վ. Ջիլավյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Անջելլո Պատրիցիոյին` 2011թ. սկսած` տեղի դպրոցներում Հայոց պատմության, Հայոց Ցեղասպանության վերաբերյալ գիտագործնական պարապմունքներ և դասախոսություններ կազմակերպելու, ինչպես նաև 2012թ. ապրիլին Ավիլիանայում հայկական դասական երաժշտության հիմնադիր Կոմիտասին նվիրված համերգը կազմակերպելու համար:
Նախարարի տեղակալը Անջելլո Պատրիցիոյին հորդորել է Ավիլիանայի քաղաքապետարանի քննարկմանը ներկայացնել մոտ ապագայում Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգող կոթողի տեղադրման հարցը:
Ավիլիանայում Վ. Ջիլավյանը մասնակցել է նաև «Հայաստան և հայեր» թեմայով տեսա-վիդեո ցուցահանդեսի բացմանը:
Հանդիպում է կայացել նաև Թուրինի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել են Թուրինի քաղաքապետարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում մեծ ներդրում ունեցող իտալացիներ Զոքքի Սիլվանան և Ֆերրաթելլո Սիլնանան: Քննարկվել են համայնքային և ՀՀ Սփյուռքի նախարարության հետ գործակցության հարցեր:
Հունվարի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վ.Ջիլավյանը հանդիպել է Թուրինի քաղաքապետ Պիերո Ֆասսինոյի հետ: Հանդիպմանը ներկա են եղել Թուրինի քաղաքային խորհրդի փոխնախագահ Սիլվիո Մալիանոն և քաղաքային խորհրդի անդամ Պիերա Լեվի-Մոնթալջինին:
Փոխանցելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը, նախարարի տեղակալը խորին շնորհակալություն է հայտնել մեկ միլիոնից ավելի բնակչություն ունեցող Թուրինի քաղաքապետարանին` 2012թ. փետրվարի 6-ին Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու համար:
Որպես պատվավոր հյուր` Վ.Ջիլավյանը մասնակցել է Քաղաքական համաձայնության ձմեռային դպրոցում (Winter School Political Convention) կազմակերպված քննարկմանը, որտեղ առանցքայինը Հայոց Ցեղասպանության հարցն էր:
Քննարկմանը մասնակցել է շուրջ 150 երիտասարդ քաղաքագետ և իրավաբան: Վ.Ջիլավյանի այցը լուսաբանվել է «Luna nuova», «La valsusa», «Citt Agora» տպագիր թերթերում, «Rai TV» հեռուստաընկերությամբ, ինչպես նաև` 30-ից ավելի էլեկտրոնային լրատվամիջոցներով («Republicca.it», «Ansa.it», «Mnews.it», «Torino.carriere.it», «Comune.torino.it», «Tempi.it» և այլն):











































