ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2012թ. ընթացքում ստացել է 863 դիմում` նախորդ տարվա 659-ի դիմաց, այսինքն` 204-ով ավելի: «Pastinfo.am»-ի փոխանցմամբ՝ ստացված դիմումներից 344-ը կցվել է քրեական գործերին, նյութերին, վարույթներին, 4-ով հարուցվել է քրեական գործ, 62-ով նախապատրաստվել են նյութեր (որոնցով քրեական գործերի հարուցումը մերժվել է), 206-ն ուղարկվել է այլ մարմին` ըստ ենթակայության, 228-ին տրվել է պարզաբանում:
Ստացված դիմումներից 9-ին պատասխան չի տրվել (թողնվել է անհետևանք, դիմումատուի հետ թղթակցությունը դադարեցվել է ծառայությունում դիմումների, բողոքների, առաջարկությունների քննարկման, անձանց ընդունելության և գործավարության կարգի 37-րդ կետի համաձայն` նույնաբովանդակ, կրկնվող դիմումների մեջ նոր փաստեր չներկայացնելու, իսկ նախապես ներկայացված փաստերն արդեն իսկ ստուգված և սպառիչ պատասխան տրված լինելու պատճառով), 10-ը գտնվում է ընթացքի մեջ:
Դիմումներ են ստացվել նաև ՀՀ Նախագահի աշխատակազմից՝ 18, ՀՀ Ազգային ժողովից՝ 6, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից` 22:
Ըստ ՀՔԾ-ի, հսկողության վերցված հանձնարարականներին, քաղաքացիներից ստացված դիմում-բողոքներին տրվել են օրենքից բխող պարզաբանումներ ու պատասխաններ: Հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքէջի «Հետադարձ կապ» բաժնով ստացվել է 74 հարցում, բոլորին էլ սեղմ ժամկետներում տրվել են սպառիչ պարզաբանումներ ու պատասխաններ։










































