ԱՄՆ-ը երեսպաշտություն է անում, երբ մարդու իրավունքների խախտման մեջ մեղադրում է այլ երկրների՝ կարծում են Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունում: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
«Օբամայի վարչակազմը հրաժարվում է ընթացք տալ այն պաշտոնյաների քրեական գործերին, որոնք առնչություն են ունեցել Բուշ-Կրտսերի վարչակազմի ժամանակ կտտանքների կիրառմանը»,- հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Ռեյչել Դենբերը:
Նրա կարծիքով՝ «ստեղծված իրավիճակը հիմքեր է տալիս ԱՄՆ-ին մեղադրելու երեսպաշտության մեջ»:
«Բոլոր պետություններին, առավել ևս՝ նրանց, ովքեր առաջ են քաշում այլ երկրներում մարդու իրավունքների հարցը, անհրաժեշտ է կարգի բերել սեփական գործերը»,- ասել է Ռ. Դենբերը:
Նրա խոսքով՝ մասնավորապես, խոսքը Մերձավոր Արևելքում կտտանքների համար պատասխանատվության մասին է:







































