Խոշոր ձեռնարկությունները պարտավոր են արտաքին աուդիտ իրականացնել և հանրությանը հաշվետվություն տալ իրենց ֆինանսական իրավիճակի վերաբերյալ։ 2012 թ-ի արդյունքներն արդեն ամփոփված են և 800-ից ավելի խոշոր ձեռնարկություններ պետք է ներկայացնեին այդ հաշվետվությունները։ Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ հաշվետվությունները կհավաքվեն մեկ կայքում և կլինեն հրապարակային։
«Կան նաև տասնյակ ձեռնարկություններ, որտեղ ֆինանսական աուդիտորները տեսնում են լուրջ խնդիրներ, բացթողումներ։ Նույնիսկ կան ձեռնարկություններ, որոնց աուդիտորական եզրակացությունը բացասական է։ Դա նշանակում է, որ այդ ձեռնարկությունները վերահսկողության տեսակետից հայտնվելու են ռիսկային դաշտում և նրանց նկատմամբ պետության կողմից իրականացվող վարչարարական վերահսկողական գործառույթները լինելու են ավելի խիստ, քան այն ձեռնարկությունների նկատմամբ, որոնց եզրակացություններում աուդիտորական ընկերությունները խնդիրներ չեն հայտնաբերել»,- ասաց Տ.Սարգսյանը՝ միաժամանակ գոհունակություն հայտնելով, որ «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցում լրատվական միջոցների գնահատման ինդեքսով ՀՀ-ն երեք կետով առաջ է շարժվել և վերջին չորս տարիների ընթացքում 111-րդ տեղից 74-րդ տեղն է տեղափոխվել:









































