Լիբանանահայ բանաստեղծ, հրապարակախոս Սագո Արեանի կարծիքով, արաբական աշխարհում կատարվող իրադարձությունները Լիբանանում կատարվածի հետ կապ չունեն, և Լիբանանում այլ խնդիր է:
«Ճիշտ է, Լիբանանում Հարիրիի կառավարությունը պարտություն կրեց, բայց, այսօրվա դրությամբ, հաղթողներն էլ չեն կարողանում կառավարություն ձևավորել: «Մարտի 8-ի» ուժերը վերցրին կառավարությունը, բայց Միքաթին մինչ օրս չի կարողանում կառավարություն կազմել: Այն, ինչ կատարվում է արաբական աշխարհում, այլ պրոցես է` ձևավորվում է նոր Միջին Արևելք, բայց հարց է, թե ինչքանով է դա բերելու դեմոկրատական փոփոխությունների»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Արեանը:
Նրա դիտարկմամբ, արաբական աշխարհում այսօր կա քարտեզների փոփոխության հարց. «Օրինակ՝ խոսք կա, որ Լիբիայում Քադաֆիի ռեժիմը մնա և Լիբիան բաժանվի մասերի, նույնը խոսում են Կիպրոսի մասին»:
Լիբանանում արաբական հեղափոխությունների կրկնությունը Ս. Արեանը հավանական չհամարեց և նշեց, որ Լիբանանում այնպիսի խնդիր չկա, որը կար Թունիսում, Եգիպտոսում կամ էլ Լիբիայում. «Մեզ մոտ խնդիրն այլ է` այստեղ չեն կարողանում կառավարություն կազմել: Հնարավոր է, որ այդ պարագայում վարչապետը հրաժարական տա, և նոր իշխանության ձևավորման անհրաժեշտության պահ ստեղծվի երկրում»:
Արեանը նաև նշեց, որ այժմ Լիբանանում ի հայտ են եկել նոր ուժեր, որոնք իրենց երրոդ ուժ են անվանում և ցույցեր են անում, բայց, ըստ նրա, այդ ամենը լուրջ չէ:








































