Վերջին շրջանում նորից ակտիվորեն սկսել է քննարկվել Հայաստանի էլեկտրական ցանցերի սնանկացման հարցը: «Առաջին լրատվական»-ի ունեցած տեղեկություններով՝ ընկերության աշխատակիցները երեք ամիս հնարավոր է՝ աշխատավարձ չստանան: Ըստ նույն աղբյուրի՝ ընկերությունը ֆինանսական դժվարություններ ունի և արդեն տևական ժամանակ է՝ քննարկվում է սնանկության հարցը:
Նկատենք, որ ընկերությունն այս տարի 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում էր 6-րդ տեղը, վճարել է մոտ 12.5 մլրդ դրամ հարկ՝ 2013 թ. համեմատ մի քանի միլիոնով գերազանցելով հարկային պարտավորությունները: Այս ամենին զուգահեռ պետք է նշել, որ ընկերությունում բարձր աշխատավարձեր ստանում են միայն գլխամասի և մասնաճյուղերի ղեկավար կազմի աշխատակիցները, մնացած աշխատակիցները ստանում են 80-100 հազար դրամ աշխատավարձ: Վճարումների ուշացումներ վերջին շրջանում չեն եղել, սակայն ամեն անգամ աշխատակիցները մտահոգություն ունեն, որ կրճատումներ կլինեն, կամ պարզապես աշխատավարձ չեն ստանա:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը տեղեկացրեց, որ ընկերության կողմից սնանկացման գործընթաց սկսելու տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Ընկերությունը երբեք չի թաքցրել, որ ֆինանսական խնդիրներ ունի, սակայն դա չի կարող ազդել աշխատակիցների աշխատավարձերի վրա, ընկերությունը շարունակելու է աշխատավարձերի վճարումը բնականոն հունով»,- նշեց Սարջանյանը՝ խուսափելով անդրադառնալ, թե ինչու են ընկերության գործունեության շուրջ ժամանակ առ ժամանակ նման խոսակցություններ ծավալվում:
Խոշոր հարկատու համարվող ընկերությունը, ըստ մեր զրուցակցի, դեռևս սնանկացման գործընթաց սկսելու մտադրություն չունի: Ընկերության վատ մենջմենթի հետ կապված կասկածներ չկան, ընկերությունն իր ֆինանսական խնդիրները փորձում է կարգավորել ոչ թե խելամիտ կառավարման, այլ սականգների բարձրացման միջոցով:
Սակայն դեռ վերջերս էր՝ հունվարին, երբ ընկերությունը հերթական անգամ տուգանվեց: Այս անգամ պատժամիջոց սահմանողը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էր, որը, ուսումնասիրելով ՀԷՑ-ի դրամական շարժը, հանգել էր այն եզրակացության, որ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից գումարներն ամբողջ ծավալով չեն մուտքագրվել ընկերության հատուկ հաշվին, ինչպես որ նախատեսված են համապատասխան կանոնակարգերով:
Գնալով՝ ընկերության վարած քաղաքականությունն ավելի է սրում վիճակը, մի կողմից՝ սպառողի համար էլեկտրաէներգիայի սականգների բարձրացման ռիսկը, մյուս կողմից՝ ընկերության աշխատակիցների ամենօրյա մտավախությունները կրճատման և չվճարման հետ կապված, գետնին են հավասարեցնում ընկերության՝ առանց այդ էլ ոչ բարի համբավը:
Հավելենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ ընկերության տարբեր մասնաճյուղերի աշխատակիցներ ժամանակ առ ժամանակ ազատման դիմում ներկայացնելու վտանգի առաջ են հայտնվում. դեռ վերջերս կուտակային կենսաթոշակների հետ կապված ցույցերին մասնակցելու համար ընկերությունը սպառնացել էր աշխատակիցներին ազատել աշխատանքից:









































