Պորտուգալիան երեկ ուշ երեկոյան դիմել է Եվրոպական Միությանը` ֆինանսական օգնություն ստանալու ակնկալիքով, քանի որ Պորտուգալիան մեծ պարտքեր և միջազգային բորսաներում գումարներ աշխատելու հետ խնդիրներ ունի: Այս մասին երեկ հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Ֆերնանդո Թեյշեյրան: Ավելի վաղ հեռուստաելույթով հանդես է եկել երկրի վարչապետ Ժոզե Սոկրատեշը: Այս մասին հաղորդում է Euronews-ը:
Ակնկալվում է, որ Եվրամիությունը առաջիկա օրերին կքննարկի այս հարցը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն: Նա ավելացրել է նաև, որ վստահում է Պորտուգալիայի հնարավորություններին` հաղթահարելու այս դժվարությունները: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Reuters գործակալության հաղորդմամբ, Պորտուգալիան կխնդրի մինչև 80 մլրդ դոլարի օգնություն: Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներն ասել են, որ Պորտուգալիայից դեռ չեն ստացել օգություն ստանալու պաշտոնական հարցում` նշելով, որ պատրաստ են օգնություն ցուցաբերել, եթե եվրոպական այդ երկիրը դիմի նման հայցով:
Իրավիճակը Պորտուգալիայում սրվում է նաև այն պատճառով, որ չկա ներքաղաքական համաձայնություն տնտեսական հարցերին լուծում տալու հարցում: Մի քանի շաբաթ առաջ վարչապետ Ժոզե Սոկրատեշը հրաժարական է տվել իր պաշտոնից: Հիմա նա վարչապետի պաշտոնակատար է:
Նշենք նաև, որ Պորտուգալիան դարձավ եվրագոտու երրորդ երկիրը, որը ֆինանսական օժանդակություն խնդրեց Եվրամիությունից: Նախկինում այդպիսի խնդրանքով հանդես էին եկել Իռլանդիան և Հունաստանը:








































