«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը ահազանգում է, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում այս պահին կրկին այգի է զոհաբերվում շինարարությանը:
Նախաձեռնությունից հայտնում են, որ քաղաքապետարանին արդեն դիմել են և շարունակում են պահանջել անհապաղ դադարեցնել շինարարությունը և վերականգնել այգուն հասցված վնասը:
Դավիթաշեն 4-րդ թաղամասի 46 շենքի մի խումբ բնակիչներ դիմել են Երևանի քաղաքապետ Պարոն Տարոն Մարգարյանին:
«Մեծարգո պարոն Մարգարյան, ապավինելով Ձեր մարդասիրությանն ու ակնկալելով Ձեր բարեհաճությունը, խնդրում ենք կասեցնել վերոնշյալ շենքի դիմաց՝Դավիթաշեն 46/3 հասցեում իրականացվող նոր շինարարության թույլատվությունը և վերանայել հողահատկացման Ձեր որոշումը, քանի որ նման շինությունն ամբողջությամբ կփակի աստվածատուր լույսի ներթափանցումը 1-ին և 2-րդ հարկերի բնակարաններ:
Հատկացված հողատարածքը շենքից հեռու 10 մետր, որը նույնպես նարմատիվային խախտում է: Առանց այն էլ շենքը գտնվում է զրոյական մակարդակից ցածր և ամենափոքր շինությունը կամ ցանկապատն անգամ կխանգարի լույսի ներթափանցումը: Արդեն շենքը շրջապատված է բարձր շինություններով, որոնք հավասար են մեր բազմաբնակարան իննհարկանի շենքի 3-րդ հարկի բարձրությանը: Այս կառուցվելիք շինությունը նաև ամբողջությամբ կխախտի անվտանգության նորմերը, քանի որ միակ փոքր հողահատվածն է մնացել, որով արտակարգ իրավիճակների (հրդեհ, երկրաշարժ և այլն) ժամանակ հնարավոր է մոտենալ շենքին հետնամասից (քանի որ բոլոր մոտեցումներ փակ են):










































