ՀՀ պաշտոնյաները սկսել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել իրենց ունեցվածքի և գույքի մասին հայտարարագրեր: Armlur.am-ը ներկայացրել է ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանի ունեցվածքը:
Տեղեկացնենք՝ թե՛ 2013թ.-ի, թե՛ 2014թ.-ի տարեկան հայտարարագրերում Գորիկ Հակոբյանը ոչ մի շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել: Նա ներկայացրել է միայն իր տարեկան եկամուտն ու առկա դրամական միջոցները: Եվ այսպես՝ 2013թ. տարեկան հայտարարագրի համաձայն՝ Գորիկ Հակոբյանն այդ տարի վաստակել էր 7 մլն 435 հազար 186 դրամ: Իսկ դրամական միջոցներն էլ 25 մլն 500 հազար դրամից դարձրել էին 28 մլն 300 հազար դրամ: 2014թ. տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ ԱԱԾ տնօրենը 28 մլն դրամը դարձրել է 38 մլն 500 հազար դրամ, իսկ մեկ տարում էլ կարողացել է վաստակել 9 մլն 137 հազար դրամ, այն էլ միայն աշխատանքի վարձատրության շնորհիվ:
Նշենք, որ նա ներկայացրել է իր և կնոջ` Գայանե Մելիքյանի հայտարարագրերը: Գորիկ Հակոբյանի կինն էլ իր հայտարարագրում միայն դրամական միջոց է նշել, որը 2013թ.-ին կազմել է 22 մլն 800 հազար դրամ, իսկ 2014-ին` 24 մլն 500 հազար դրամ:
ԹԱՆԿ ԱՅՑ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարական պատվիրակությամբ օրեր առաջ երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: Վարչապետը փետրվարի 6-ին մասնակցել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, ինչպես նաև՝ առանձնազրույց ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Armlur.am-ը տեղեկացնում է, որ այդ այցը պետբյուջեի վրա բավական թանկ է արժեցել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։










































