Լևոն Զուրաբյանը հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի մրցակիցները մարգինալ են: Զուրաբյանի հայտարարություններն ընդհանրապես քաղաքական ռացիոնալության շրջանակներում դիտելն անիմաստ է: Նա նույն հաջողությամբ տարիներ շարունակ իր ելույթներում խոսում էր ոչ թե իր, այլ ժողովրդի անունից, հետո էլ ԱԺ պատգամավոր լինելով՝ վերջերս խոսեց ընտրական մեխանիզմների հիմնավոր կեղծիք լինելու մասին: Խնդիրն այստեղ այլ է՝ այն, որ Զուրաբյանով արտահայտվում է ՀԱԿ-ի ու նրա առաջնորդի պաշտոնական կամ ոչ պաշտոնական դիրքորոշումը:
Ի՞նչ է հասկանում Զուրաբյանը մարգինալ ասելով: Մարգինալության բառի հայերեն թարգմանությունը շատ պարզ է ու բովանդակալից՝ լուսանցքային, այսինքն՝ հիմնական գծից, խաղից, դոմինանտությունից, մեյնսթրիմից դուրս մնացածներ: Ո՞րն է այդ հիմնական գիծը• ըստ Զուրաբյանի՝ բնականաբար, այդ գիծը ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության հեռանկարն էր: Հիմա այդ գիծն այլևս չի աշխատում: Բայց հետաքրքրական է, որ Զուրաբյանը Սերժ Սարգսյանի մրցակիցներին անվանելով մարգինալներ՝ իր համար ծուղակներ է ստեղծում:
Նախ՝ խնդիրն այն չէ, որ Սերժ Սարգսյանի մրցակիցները մարգինալ չեն կամ են: Նրանց մեծամասնության մոտեցումներն իսկապես մարգինալ են ու ոչ քաղաքական: Բայց ՀԱԿ-ն ինքը այժմ մարգինալ պահվածք է ցուցաբերում: Ընդ որում՝ եթե որոշ գործող թեկնածուներ ու թիմեր ակտիվ մարգինալության կամ գոնե դրանից դուրս գալու գործընթացում են, ապա ՀԱԿ-ը ընդհանրապես լուսանցքում էլ չի ցանկանում խաղալ: Ընդդիմադիր հիմնական ուժը չի մասնակցում այն ընտրություններին, որը տարիներ շարունակ թիրախավորվել էր որպես արտահերթ, որպես աննախադեպ և այլն: Ավելին՝ թե՛ չմասնակցությունը, թե՛ ներքին կառուցվածքի նման աղճատումը, թե՛ այն, որ այս ընտրությունների համար այդ ուժն ուներ ընդամենը մի սցենար՝ ԲՀԿ-ՀԱԿ համագործակցություն, մարգինալության դրսևորում են:
Մյուս կողմից՝ Զուրաբյանը հերթական անգամ շատ անկեղծորեն ու անփութորեն արտահայտելով իր ու իր թիմի քաղաքական պատկերացումները քաղաքականության մասին՝ հետաքրքիր դիտարկման նյութ է տալիս: Այսօր արդեն համակարգողի կողմից մատնանշված շատ թեկնածուներ փորձում են ընտրական ու քաղաքական գործընթացներին այլ հայացք ցուցաբերել՝ հիմնականում արդեն անելով մի առաջընթաց քայլ, թիրախավորել ոչ թե անհատներին ու ամբիցիաները, այլ քաղաքական համակարգը, որովհետև անհատական մոտեցումն իրեն սպառեց՝ ցույց տալով, որ քաղաքական խնդիրը մեկ մարդու բարեգթությունից ու դժկամությունից չէ, որ գալիս է:
Ինչքանով է դա ստացվում կամ լավ ստացվում այս փուլում՝ այդքան էլ կարևոր չէ, կարևորը հարցադրման մեթոդաբանության փոփոխությունն է, որ ակտիվորեն նկատվում է բոլոր թեկնածուների մոտ: Զուրաբյանի համար, սակայն, ոչ մարգինալությունը կայանում է քաղաքական հին ֆորմաներում ու դոգմաներում՝ «Սերժիկ, հեռացիր» կոնցեպտը, որը, ինչպես տեսանք, ենթադրում է բոլոր հնարավոր միջոցները՝ նպատակին հասնելու կամ մոտ լինելու համար, ընդհուպ կարող է բերել մինչև ԲՀԿ-ի հետ ակտիվ համագործակցության՝ իր հայտնի հետևանքներով:
ՀԱԿ-ը լուրջ քաղաքական կապիտալ ունեցող ուժերից մեկն է եղել Հայաստանում: Քաղաքական կապիտալն, ընդ որում, մեկանգամյա տրվող բան չէ, այն անընդհատ պետք է ավելացնել ու կուտակել: Այդ կապիտալն ավելացվում կամ կուտակվում է ընտրական գործընթացներով, կուսակցական երկար ու հոգնեցնող գործունեությամբ, հնարավոր բոլոր քաղաքական հարթակներում սեփական ներկայացվածությունն ապահովելով:
ՀԱԿ-ը միշտ խուսափել է քայլ առ քայլ աշխատելուց, հրաժարվել է բոլոր հարթակներում ներկայացնել ինքն իրեն, իսկ որտեղ էլ որ ներկայացրել է՝ այդ հարթակները դիտարկել է ոչ կարևոր, ընդամենը տրամպլին՝ նախագահական տանող մի ճանապարհ: Հիմա Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտը, հատկապես՝ ընդդիմադիր հատվածը, որոշակիորեն մարգինալ է, իհարկե, ընդ որում՝ նաև ՀԱԿ-ի վարած ամենակուլ քաղաքականության հետևանքով, բայց որոշները փորձում են սեփական մասնակցությամբ ու հայտով դուրս գալ մարգինալությունից:
ՀԱԿ-ը մտել է պասիվ մարգինալության փուլ, ինչը ենթադրում է, որ կուտակված ռեսուրսը, որ կա Կոնգրեսի ու առաջին նախագահի քաղաքական նշանի տակ, կա՛մ կանհետանա, կա՛մ էլ կկապիտալացվի ու կմատուցվի մեկ այլ՝ ապագայում, ըստ Զուրաբյանի, դոմինանտ համարվող քաղաքական «գծի»: Ընդ որում, այդ կապիտալացման ու «վաճառքի» համար Զուրաբյանը արդեն որոշակի հիմքեր նախապատրաստել է ԲՀԿ-ՀԱԿ ակտիվ երկխոսության ընթացքում:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































