Ամերիկյան The National Interest պարբերականը այսօր հրապարակել է ռուսաստանցի հայտնի փորձագետ, կովկասագետ Սերգեյ Մարկեդոնովի հոդվածը, որում անդրադարձ կա Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին, թեև հոդվածի մեծ մասը նվիրված է Հայաստանի գործող նախագահ և նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին։
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ գործող նախագահն այստեղ ներկայացված է որպես մի քաղաքական գործիչ, ով կարողացել է առանց լուրջ «քաղաքական սթրեսների» չեզոքացնել իր հիմնական հակառակորդներին։
Մարկեդոնովը գրում է, որ 2013-ի ընտրությունների արդյունքները կանխատեսելի են ավելին, քան 2008-ինը։
Փորձագետի կարծիքով, այսպիսի իրավիճակ է ստեղծվել, քանի որ գործող նախագահը նախ ապացուցել է, որ իր նախորդի՝ Քոչարյանի ստվերի տակ չէ և ինքնուրույն քաղաքական գործիչ է։ Բացի այդ, Սարգսյանին հաջողվել է խուսափել լուրջ ներքաղաքական հակամարտությունից, ինչը չէր հաջողվել Քոչարյանին։
Մարկեդոնովը ակնարկում է, որ Սարգսյանին հաջողվել է Մարտի 1-ից հետո ստեղծված իրավիճակը հեռու պահել լուրջ հակամարտությունից նաև փոխզիջումների շնորհիվ, այսպես՝ Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը տեղեր է ստացել խորհրդարանում և փողոցից իր պայքարը տեղափոխել է Ազգային ժողով։
Ռուսական Politcom.ru կայքում որոշ փոփոխություններով հրապարակված նույն հոդվածում Մարկեդոնովը նույնիսկ Սերժ Սարգսյանի թիմը համեմատում է Կրեմլի հետ, և գրում է, որ ի տարբերություն Կրեմլի, Հայաստանի գործող նախագահի թիմը չի ուռճացրել այսպես կոչված «նարնջագույն վտանգը» և համակարգից դուրս ընդդիմությանը ներառել է համակարգի մեջ, տվել է հնարավորություն հանդես գալ Ազգային ժողովի ամբիոնից։ Մյուս կողմից, ըստ փորձագետի, հայաստանյան արմատական ընդդիմությունը ցույց է տվել, որ ի վիճակի չէ առաջարկել լուրջ քաղաքական այլընտրանք գործող իշխանությանը։
Մարկեդոնովը մանրամասնորեն անդրադառնում է նաև Սարգսյանի և հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հարաբերություններին, նկատելով, որ քաղաքական ինտրիգների, ոչ հրապարակային բանակցությունների շնորհիվ Սարգսյանին հաջողվել է լուծել նաև այս խնդիրը, և Ծառուկյանի հայտարարությունը, թե ԲՀԿ-ն չի մասնակցելու նախագահական ընտրություններին և որևէ մեկին չի աջակցելու, իրականում նշանակում է Մարկեդոնովի գնահատմամբ պասիվ աջակցություն գործող նախագահին։
Ամերիկյան The National Interest-ում հրապարակված հոդվածում հետաքրքիր է նաև Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության գնահատականը։
Մարկեդոնովը գրում է, որ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանն ընդունելի նախագահ է թե՛ Վաշինգտոնի, թե՛ Բրյուսելի համար։
Իր նախագահության առաջին տարիներին Հայաստանի նախագահը լուրջ քննադատության էր արժանացել «ֆուտբոլային դիվանագիտության» համար, սակայն Մարկեդոնովը գրում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու իր ջանքերում Սերժ Սարգսյանին հաջողվել է չանցնել այն կարմիր գիծը, որը դիվանագիտությունը բաժանում է միակողմանի զիջումներից։
Ռուսաստանցի փորձագետը Սերժ Սարգսյանի լուրջ ձեռքբերումն է համարում հավասարակշռության պահպանումը Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերություններում։
«Մի կողմից Սարգսյանը ռուսական ռազմական բազայի մասին պայմանագիր է կնքում 2010-ին, մյուս կողմից՝ չի շտապում միանալ ո՛չ Մաքսային միությանը, ոչ էլ Եվրասիական միությանը, գրում է Մարկեդոնովը։
Այդուամենայնիվ, փորձագետը ընդգծում է, որ Հայաստանը փոքր, նավթային պաշարներ չունեցող երկիր է, որտեղ իրավիճակը կախված է թե՛ տարածաշրջանային պրոցեսներից, թե՛ հատկապես ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացից։
Փորձագետը կանխագուշակում է, որ Սերժ Սարգսյանի երկրորդ ժամկետը կտարբերվի նրա նախագահության առաջին ժամկետից։ Իսկ որ Հայաստանի հաջորդ նախագահը լինելու է հենց Սերժ Սարգսյանը՝ Սերգեյ Մարկեդոնովը չի կասկածում։









































