«Այսօր Հայաստանն ապրում է նորմալ կառուցողական կյանքով: Որպես երաժիշտ, ինձ համար կարևոր է ներդաշնակությունը: Մեզ հարկավոր է լսել, ունկնդրել, որովհետև նման ակտիվացված դաշտում կարող են օգտագործելի գաղափարներ լինել: Բայց դա փոփոխության պայման չէ, կարող ես առաջարկել գաղափար, բայց ոչ թե ասես, որ անպայման ես պետք է դրանք իրականացնեմ»,- Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը: Նա նշել է, որ թեկնածուների մեջ տեսնում է արհեստածին բաներ, ինքնացուցադրում:
«Հայաստանի կառուցողական, հետևողական ներդաշնակ ընթացքը. դա ես եմ տեսնում: Մենք անընդհատ մեր «ես»-ն ենք բարձրացնում, դրա համար մեր ընդհանուր հարմոնիայի դաշտը չի կայանում: Ես հավանում եմ մեր ղեկավարությանը և ասում եմ ոչ դուր գալու համար: Եթե ուզում ես արդյունք տեսնել՝ կտեսնես, եթե ոչ՝ անընդհատ մեղադրանքներ կհնչեցնես»,- ասել է Ռոբերտ Ամիրխանյանը՝ հավելելով, որ այսօր ազատությունից ավելի կարևորը մեզ համար խստագույն կազմակերպվածությունն է:
Կոմպոզիտորին թեկնածուները չեն հետաքրքրում: «Տարիներ շարունակ նույն թեկնածուները թեկնածություն են դնում. եղբա՛յր, ուրիշ բանուգործ չունե՞ս: Ինչո՞ւ ես հայտնվում 5 տարին մեկ: Ես չեմ հավատում, որ որևէ մեկը առանց նախնական գործունեության գա ու հրաշալի երաժշտություն գրի մեզ համար: Ես չեմ հավատում դրան»,- ասել է նա ու հավելել. «Պետք է նախօրոք ինչ-որ բան արած լինես, ակտիվացած լինես հանրության մեջ»:
Ռոբերտ Ամիրխանյանը կոչ է արել համախմբվել նախագահի շուրջ:









































