Լիբանանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Զիյադ Բարուդը համոզված չէ, որ մարտի 23-ին Լիբանանում առևանգված էստոնացի հեծանվորդները գտնվում են երկրի տարածքում:
Բեյրութում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նա ասել է. «Ես հաստատ չեմ կարող ասել` արդյո՞ք նրանք գտնվում են երկրի տարածքում, թե՞ նրանից դուրս են: Բանակն ու անվտանգության ուժերն ամեն ինչ անում են նրանց տեղը պարզելու համար»:
Բարուդը հայտնել է, որ էստոնացիների առևանգման գործով ձերբակալվել է 4 մարդ: Նա հրաժարվել է մանրամասներ հայտնել քննության շահերից ելնելով:
Լիբանանյան ԶԼՄ-ները կարծիք են հայտնել, որ էստոնացի հեծանվորդներին տեղափոխել են Սիրիա, որի սահմանի մոտակայքից էլ նրանց առևանգել էին:
Այս մասին հաղորդում է MIGNews.com կայքը:











































