Աշխարհի եզդիների առաջնորդ Ազիզ Թամոյանը այսօր մեզ հետ զրույցում նշեց, որ ծանոթ է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի 2011 թվականի մարտի 28-ի կարգադրության հիման վրա ստեղծվելիք Երիտասարդական խորհրդարանի ստեղծման մասին, և որ այդ խորհրդարանում ընդգրկվելու համար կարող են դիմել Հայաստանի 18-30 տարեկան քաղաքացիները: Ավելին` Երիտասարդական խորհրդարանի ընդհանուր կազմի առնվազն 3%-ը կարող են լինել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Ազիզ Թամոյանը մեզ հետ զրույցի ընթացքում փոխանցեց, որ իրենք պատրաստակամ են մասնակցելու Երիտասարդական խորհրդարանի աշխատանքներին, ավելին` ինքը պատրաստվում է իրենց թերթի խմբագրին ուղարկել խորհրդարան:
Թամոյանն, այնուամենայնիվ, հարկ համարեց հարցնել` պատգամավորները վճարվելո՞ւ են մանդատները ստանալուց հետո, թե՞ այդ ամենը հասարակական սկզբունքներով է լինելու:
«Իհարկե, մենք կօգտվենք ադ հնարավորությունից, քանի որ շատ խնդիրներ ունենք, բայց Ազգային ժողովում չունենք մեր ներկայացուցիչները, ովքեր կարող են բարձրաձայնել մեր խնդիրները և որոշ չափով լուծում տալ դրանց: Իսկ այսօր մեր առաջնային խնդիրներից ամենագլխավորն այն է, որ Հայաստանի ԱԺ-ում մենք պետք է ունենանք մեր ներկայացուցիչը»,- ասաց Ազիզ Թամոյանը:
Մեր այն դիտարկմանը, թե այս խորհրդարանը ի զորու կլինի՞ լուծել եզդիների առաջ ծառացած խնդիրները` պատասխանեց. «Է, հիմա, թող բարձրաձայնվի, ասվի` կտան, չեն տա, իրենք են որոշում, որոշողը մենք չենք: Եթե որոշողը մենք լինեինք, նրանց չէինք դիմի, մեր հարցերը մենք կլուծեինք»:









































