Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ սկսվեց Շուշան Դ.-ի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մայիսի 8-ին, գիշերվա ժամը 4-ին Երևանի Բագրատունյաց 2 հասցեում գտնվող «Նաիրի» մարզադաշտի մոտ 23-ամյա Շուշանը վիճաբանել է իր ընկերուհի և «գործընկերուհի» Աննա Տ.-ի հետ:
Վիճաբանությունն այնքան բուռն է եղել, Շուշանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, այնքան է տաքացել, որ ձեռքերով ու մանավանդ ոտքերով «տղամարդկային» հարվածներ է հասցրել Աննայի գլխի շրջանին ու մարմնի տարբեր մասերին:
Աննայի առողջությանը նա, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, պատճառել է ծանր վնաս՝ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի միջին աստիճանի սալջարդ, սուբդուրալ հեմատոմա՝ աջ քունքային շրջանում, ձախից պտկաձև ելունի կոտրվածք՝ անցումով գանգի հիմ՝ միջին գանգափոս, սուբարախնոիդալ արյունազեղում՝ ուղեկցված օստեոհեմոլիկվորեայով, 7-րդ զույգ դիմային նյարդի ախտահարում: Ամբաստանյալ Շուշանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Շուշանի խափանման միջոցը կալանավորումն է:
Դատարանում ներկայացնելով իր անձը՝ Շուշանը հայտնեց, թե մարզի բնակիչ է, Երևանում ապրել է վարձով: Մեկ այլ մարզի բնակիչ է նաև տուժողը: Երևանում նրանց վաստակի աղբյուրը հնագույն մասնագիտությունն է դարձել:
«Ձեր ընտանեկան դրությունը» հարցին Շուշանը պատասխանեց. «Նորմալ»:
Հետո ներկայացրեց, որ «նորմալ»՝ նշանակում է, որ ամուսնացած չէ, խնամքին ոչ ոք չունի:
Շուշանը, ըստ իր հայտարարության, միջնակարգ կրթություն ունի:
Ըստ իր հայտարարության՝ տուժող Աննա Տ.-ի հետ աշխատել է «Լունա» գիշերային ակումբում՝ որպես պարուհի:
Ըստ գործի տվյալների՝ Շուշանն ու Աննան «Լունա» գիշերային ակումբում աշխատել են դեպքից մեկ-երկու ամիս առաջ:
Դեպքի պահի դրությամբ զբաղվել են… մարմնավաճառությամբ, դեպքն էլ կատարվել է նրանց «կանգնելավայրում»՝ Բագրատունյաց պողոտայում:
Շուշան Դ.-ն միջնորդություն չարեց գործն արագացված ընթացակարգով քննելու վերաբերյալ, ասել կուզի՝ նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Շուշանի շահերը դատարանում պաշտպանում է հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Հ. Իսրայելյանը:
Ըստ Շուշանի վարկածի՝ տուժողը գլխի շրջանում ծանր վնասվածքները ստացել է իր հրելուց հետո վայր ընկնելու, գլուխը «բորդյուրին» խփելու հետևանքով:
Դատաբժշկական փորձագետն էլ բացառել է, որ Շուշանի ու Աննայի նշած մեխանիզմով՝ կքանստած վիճակից գետնին ընկնելու դեպքում հնարավոր էր ստանալ գանգի ու գանգուղեղի այն կոտրվածքներն ու վնասվածքները և՝ այն տեղակայումով, որ ստացել է տուժողը:
Վնասվածքները, մասնագիտական եզրակացության համաձայն, անմիջական և ուժեղ հարվածների արդյունք են:
Դեպքի օրը Շուշանն ու Աննան միասին են եղել, «աշխատել» են, կերել, խմել են ու տաքսիով վերադառնալիս են եղել Բագրատունյաց պողոտա: Ինչ-որ տղամարդ է զանգել, Աննան է խոսել նրա հետ, իսկ Շուշանը դժգոհ է մնացել Աննայի խոսելուց, այդ հողի վրա են «գործընկերուհիները» վիճաբանել:
Տաքսու մեջ նրանց վեճը տաքացել է, տաքսու վարորդն ասել է, որ նրանց կիջեցնի, եթե շարունակեն:
Երբ Բագրատունյաց պողոտայում «գործընկերուհիները» իջել են, շարունակել են իրար հետ վիճել: Շուշանը հարվածել է Աննային, վերջինս ընկել է, Շուշանը շարունակել է ոտքերով հարվածել նրա գլխի շրջանին…
Փոքրամարմին, նիհարակազմ Շուշանը այնպիսի հարվածներ է հասցրել, ըստ մեղադրանքի, այնպիսի վնասվածքներ է պատճառել, որ տղամարդիկ անգամ միմյանց հետ կռվելիս այդպես հազվադեպ են վարվում:
Երբ Շուշանը տեսել է, որ Աննայի վիճակը ծանր է, նրա հետ հիվանդանոց է գնացել, կանչել է իրենց որոշ ընկերուհիների, նրանց ասել է, որ կռվել են, ինքն է հարվածներ հասցրել:
Որպես կասկածյալ հարցաքննության ժամանակ էլ է նույնը հայտնել, իսկ հետո սկսել է պնդել, թե Աննան գլխի ծանր վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով…
Ինքը՝ տուժող Աննան, ինչպես նաև գործով վկաները արդեն երկրորդ դատական նիստն է՝ դատարան չեն ներկայանում:
Դատարանը կայացրեց նրանց բերման ենթարկելու որոշում:
Տուժողը, վկաները կհարցաքննվեն հաջորդ դատական նիստին՝ փետրվարի 23-ին:








































