ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2015թ. փետրվարի 7-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, մի խումբ անձինք, բռնության գործադրմամբ, Երևան քաղաքի Տոլստոյ փողոցում գտնվող «Ծղոտներ» ժամանցային կենտրոնի մոտակայքից առևանգել են Արտակ Խաչատրյանին: Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ` քննիչի կողմից քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից): Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցանք կատարած անձանց ինքնությունը և շրջանակը պարզելու ուղղությամբ»:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական ակտիվիստին առևանգել էին երեկ՝ դիմակավորված երեք անձինք: Նա կիսագիտակից վիճակում տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:









































