Ըստ ԱՎԾ-ի վիճակագրության՝ անցած տարի միջին ամսական անվանական աշխատավարձը 2013 թ. համեմատ բարձրացել է: Ընդ որում, այս բարձրացումն արձանագրված է թե́ պետական, թե́ մասնավոր հատվածի համար. եթե պետական համակարգում միջինացված աշխատավարձը 2013 թ. դեկտեմբերին եղել է 169.157 դրամ, ապա 2014 թ. նույն ամսում կազմել է 189.883 դրամ:
Ոչ պետական համակարգում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը 2013 թ. 232.406 դրամի փոխարեն 2014 թ. կազմել է 246.914 դրամ: Ըստ վիճագրական տվյալների՝ միջին ամենաբարձր աշխատավարձը վճարվում է Սյունիքի մարզում՝ 201 հազար, հետո Երևանում է՝ 182 հազար դրամ, երրորդ տեղում Կոտայքի մարզն է՝ 147 հազար, ամենացածրը Արագածոտնի և Շիրակի մարզերում՝ համապատասխանաբար 116 հազար և 119 հազար:
Սա այսպես կոչված՝ կեղտոտ աշխատավարձերի վիճակագրությունն է, սակայն բյուջե փոխանցվող պահումների դեպքում այս գումարը կրճատվում է 24-26 տոկոսով: Ընդհանուր առմամբ, բարձրացումը կազմում է մոտ 15-20 հազար դրամ: Մինչդեռ 2014 թ. դեկտեմբերին արձանագրվել է 3 տոկոս գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.6 տոկոս:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2014 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 2.7-4.0 տոկոսով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Գյումրի և Աշտարակ քաղաքներում:
ԱՎԾ-ի ներկայացրած տվյալներով, աշխատավարձերի բարձրացումը գրանցվել է ամբողջ տարվա կտրվածքով, մինչդեռ տարեվերջին՝ 2014 թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, միայն պարենային ապրանքների համար գնաճը կազմել է 5.6 տոկոս:









































