Աշխարհի շատ երկրներ, այդ թվում՝ զենք արտահանող առաջատար երկրները, ի վիճակի չեն վերահսկել կաշառակերությունը պաշտպանության ոլորտում: Ինչպես հաղորդում է BBC-ն, նման եզրահանգման են եկել Transparency International հակակոռուպցիոն հետազոտությունների կենտրոնի մասնագետները: Պաշտպանության ոլորտի կաշառակերությունն կազմում է 20 միլիարդ դոլար:
Transparency-ն առաջին անգամ կազմել է կաշառակերության դեմ պայքարի ինդեքս ռազմա-արտադրական համալիրում: Հետազոտությունն անցկացվել է երկու տարի աշխարհի 82 երկրներում. Երկրները հետազոտությունը բաժանում է յոթ խմբի՝ A-ից (կաշառակերության շատ ցածր ռիսկեր) մինչև F (կրիտիկական մակարդակ): 57 երկիր (հետազոտվող երկրների 70%-ը) ներառվել են D, E և F խմբերում՝ կաշառակերության բարձր ռիսկ:
Հետազոտողները զենքի խոշոր արտահանողներ Ռուսաստանին, Չինաստանին և Իսրայելին ներառել են D խմբում՝ ռիսկի բավական բարձր մակարդակ:
Հետազոտության համաձայն՝ կաշառակերության ցածր մակարդակ է գրանցվել միայն Գերմանիայում և Ավստրալիայում:
Ռազմական բյուջեներն ամենավատ ձևով վերահսկվում են Եգիպտոսում, Սիրիայում և Կոնգոյի Ժողովրդական Հանրապետությունում:
Զեկույցում ընդգծվում է, որ այս ոլորտում մեծ պատասխանատվությունը թույլ կտա պահպանել մարդկանց կյանքեր և հարկատուների միլիարդավոր դոլարներ:
Հետազոտվող երկրներում կաշառակերության դեմ պայքարը գնահատելու համար զեկույցի հեղինակները որոշել էին 77 հարց հինգ անվանակարգերում՝ քաղաքական, ֆինանսական, կադրային, օպերացիոն և զենքի գնման ռիսկեր:
Զեկույցի հեղինակները համոզված են, որ կաշառակերությունը կարելի է նվազեցնել՝ ավանդական գաղտնի ոլորտը հանրության համար ավելի թափանցիկ և բաց դարձնելու միջոցով:
«Հետաքրքիր է, որ ցուցակի երկրներից 50%-ում կա՛մ ընդհանրապես չեն հրապարակում ռազմական բյուջեի մասին տվյալներ, կա՛մ անում են դա հետազոտության համար ոչ մատչելի ձևով »,- ասել է զեկույցի հեղինակ Մարկ Փայմանը:









































