«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսագետ Կոնստանտին Սիմոնովը:
– Պարոն Սիմոնով, որոշ տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի և Ռուսաստանի կառավարություններն այժմ բանակցում են, որպեսզի հայկական կողմը կարողանա գազի պարտքը մարել ռուբլով: Ռուբլու արժեզրկման պայմաններում Հայաստանի համար դա բավականին ձեռնտու տարբերակ կարող է լինել, ի՞նչ եք կարծում՝ Ռուսաստանը նման բան թույլ կտա՞ իր գործընկեր պետությանը:
– Ես կարծում եմ, որ նման հեռանկարներ կան: Խնդիրն այն է, որ արդեն իսկ կնքված պայամանգրերի համաձայն՝ պարտքի մարումը պետք է դոլարով լինի: Իհարկե, միշտ դժվար է պայմանները փոխել իրադարձություններից հետո: Հիմա դժվար է ասել, թե այդ բանակցություններն ինչ ավարտ կունենան, բայց ապագայի վերաբերյալ իհարկե կարող եմ ասել, որ համաձայնությունները կարող են վերանայվել և դոլլարը փոխարինվի ռուբլով:
– Այսինքն՝ խոսքը ապագայի մասին է և ոչ մոտ ժամանակներս մարվելիք պարքի:
– Այո, ապագայում հնարավոր է, իսկ արդեն գոյություն ունեցող համաձայնագրերը դժվար թե հնարավոր լինի հետին թվով փոխել:
– Պարոն Սիմոնով, Ռուսաստանում շարունակական պատժամիջոցների հետևանքով տնտեսական խոր ճգնաժամ է, որն անկասկած իր ազդեցությունն է ունենում նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վրա: Վերջերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ հնարավոր է՝ Բելառուսը դուրս գա ԵՏՄ-ից: Հնարավո՞ր է առկա իրավիճակի հետևանքով այդ կառույցը գոնե ժամանակավորապես դադարեցնի աշխատանքը:
– Չեմ կարծում, որ Եվրասիական տնտեսական միությունը կդադարեցնի իր գործունեությունը: Լուկաշենկոյի հայտարարությունը նորություն չէ, քաղաքականությունը նրա համար ցուցադրություն է, և նա շարունակում է դա անել: Նա մշտապես վախեցնում մեզ իր՝ ինտեգրացիոն նախագծերից դուրս գալով, բայց իրականում գնալու տեղ առանձնապես չունի։ Եվրասիական տնտեսական միությունը առաջին հերթին պետք է հենց Բելառուսին, և հենց դա է ԵՏՄ-ի առաջնային խնդիրներից մեկը՝ Ռուսաստանը որպես ԵՏՄ-ի նախաձեռնող կորցնում է, իսկ մյուս երկրները հակառակը՝ ձեռք բերում: Հաշվարկները ցույց են տալիս, որ Եվրասիական տնտեսական միությունը ձեռնտու չէ հենց Ռուսաստանին:
Իհարկե, Ռուսաստանի տնտեսական վիճակը վատանում է, բայց նա շարունակում է ֆինանսավորել այդ նախագիծը, և դժվար թե մոտ ապագայում փլուզվի:
Բելառուսական ապրանքները շատ ակտիվ կերպով թափանցում են ռուսական շուկա, ընդ որում՝ մենք բոլորս հասկանում ենք, որ դա իրականում ոչ թե բելառուսական, այլ եվրոպական ապրանքներ են, որոնց վրայից պիտակները հանվում և Բելառուսի պիտակներ են փակցվում: Հատկապես Մաքսային միության շրջանակներում դա շատ ձեռնտու էր Բելառուսին: Լուկաշենկոյի հայտարարությունը հենց սրա հետևանք էր, որովհետև Բելառուսը բռնվեց: Որտեղի՞ց Բելառուսին, ասենք, սաղմոն կամ ձիթապտուղ:
Ինչ վերաբերում է Հայաստանին՝ մենք հասկանում ենք, որ Հայաստանի որոշումը տնտեսական հիմք չուներ: Հայաստանի անդամագրումն այդ միությանը քաղաքական էր, որովհետև մենք ընդհանուր սահման չունենք՝ իսկ դա զգալիորեն դժվարացնում է այդ միության աշխատանքները։ Իսկ Բելառուսում նախագիծն աշխատում է և աշխատում է հօգուտ Բելառուսի: Հայաստանի դեպքում քաղաքական որոշում էր, ինչը Հայաստանի տնտեսության մեջ հեղաշրջում չի մցնի: Ես կարծում եմ՝ այդ մասին շատ լավ գիտեն նաև Հայաստանում:
– Բայց ՀՀ իշխանությունները շարունակաբար խոսում են Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու առավելությունների մասին, և այդ ուղղությամբ աշխատանքը Հայաստանը չդադարեցրեց՝ մեկ ամիս առաջ անդամագրվելով այդ միությանը: Հայաստանը կարո՞ղ է ակնկալել Ռուսաստանին գոնե այն նվազագույն բացառությունները, որ մինչև ԵՏՄ-ին անդամագրվելը Հայաստանին խոստացվել էր:
– Հայաստանն արդեն իսկ Ռուսաստանից ստանում է բավականին մեծ արտոնություններ, և դրանք կպահպանվեն: Խնդիրը, կրկնում եմ, այն է, որ Հայաստանի որոշումը տնտեսական շահերի վրա հիմնված չէր, ի՞նչ մաքսային միություն, երբ մենք ընդհանուր սահման չունենք:
– Ստացված առավելությունները կարծես այնքան էլ տնտեսական բնույթի չեն, միգրացիոն ոլորտում կան, իհարկե, առավելություններ: Խոսքս ավելի շատ տնտեսության մասին է:
– Իհարկե կլինեն նաև տնտեսական առավելություններ, խնդիր չկա, ուղղակի դրանք Հայաստանի տնտեսական իրավիճակում մեծ փոփոխություն չեն մտցնի:







































