Ռուսաստանն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ:Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, գրում է TASS-ը:
«Հայ-ադրբեջանական սահմանի զորքերի շփման գծում և սահմանին պահպանվում է շատ բարդ դրություն: Նախկինի պես մեծ է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի թիվը, հաճախակի են դարձել մարտական բախումները, ակտիվացել է դիվերսիոն խմբերի գործունեությունը»,-հաղորդել է նա:
Լուկաշևիչը նշել է, որ ըստ ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելության տեղեկության, որը հիմնված է պաշտոնական աղբյուրների տեղեկության վրա, միայն այս տարվա հունվարին հակամարտության գոտում 12 մարդ է զոհվել, 18-ը վիրավորվել են:
«Հասկանալի է, որ փաստացիորեն զոհերի թիվն ավելի մեծ կարող է լինել»,-հավելել է նա:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է այն մասին, որ Մինսկի ԵԱՀԿ խմբի համանախագահների «եռյակի» հայտարարությունում, որն արվել էր սույն թվականի հունվարի 27-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո, առկա է «ուղերձ`հակամարտության բոլոր կողմերին`հրադադարի մասին համաձայնագրին հետևելու վերաբերյալ»:
«Կողմերին կոչ ենք անում գործող միջոցներ կիրառել, որոնք ուղղված են լարվածության թուլացմանը, կոչ ենք անում խուսափել քայլերից, որոնք տանում են հակամարտության շիկացմանը»,-ընդգծել է դիվանագետը:











































