ԱՄՆ խոշորագույն Barnes & Noble գրախանութների ցանցը մտադիր է առաջիկա տասնամյակում փակել իր խանութների մեկ երրորդը: Այդ մասին հայտարարել է մենեջեր Միթչել Կլիպպերը: Նա նշել է, որ 10 տարվա ընթացքում խանութների թիվը կհասցվի 450-500-ի:
Հունվարի 23-ի դրությամբ ցանցն ունի 689 գրախանութ: Ընկերությունը յուրաքանչյուր տարի կփակի մոտ 20 խանութ:
Ընկերության խնդիրները սկսվեցին 4 տարի առաջ` կապված էլեկտրոնային գրքերի նկատմամբ հետաքրքրության մեծացման հետ: 2009-ից Barnes & Noble ընկերությունը սկսեց փակել իր խանութները, չնայած մինչ այդ տարեկան 30 նոր խանութ էր բացում: 2008 թ. ընկերությունն ուներ ռեկորդային թվով խանութներ: Դրանց թիվը հասնում էր 726-ի:
Հունվարին ընկերությունը, տոների հետ պայմանավորված, հայտարարել էր անսպասելի թույլ հաշվետվության մասին: Վաճառքը 3,1 %-ով նվազել էր, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության եկամուտը նվազել էր 11 %-ով:
Barnes & Noble ընկերությունն արդեն մի քանի տարի շուկայում իր բաժինը կորցնում է՝ Amazon-ի միջոցով տպագիր գրքերի վաճառքի մեծացմամբ պայմանավորված: Ընկերության կողմից թողարկված Nook էլեկտրոնային գրքերն էլ մասսայականություն չեն վայելում, քանի որ էլեկտրոնային գրքերից օգտվողներն արդեն ընտելացել են Amazon-ի առաջարկած Kindle-ին և Apple ու Samsung ընկերությունների առաջարկած պլանշետներին:










































