ԱՄՆ փոխնախագահի նախկին թեկնածու և Հանրապետական կուսակցության անդամ Սառա Փեյլինը հեռացել է Fox News հեռուստաալիքից, որտեղ աշխատում էր որպես մեկնաբան։ Այս մասին հաղորդում է Business Insider-ը:
Ինչպես հաղորդել են աղբյուրները, նա որոշել է չերկարացնել հեռուստաալիքի հետ պայմանագիրը, որպեսզի կենտրոնանա իր հասարակական և քաղաքական գործունեության վրա: Ըստ Christian Science Monitor-ի տվյալների՝ Փեյլինը նաև կարող էր հրաժարվել Fox News-ի հետ համագործակցությունից, քանի որ հեռուստաընկերությունը նրան ավելի քիչ աշխատավարձ է առաջարկել հաջորդ տարվա համար: Երեք տարիների ընթացքում Սառա Փեյլինը հեռուստաընկերությունից ստացել է տարեկան մոտ մեկ միլիոն դոլար:
Փեյլինը Fox News-ում աշխատում է 2010-ից: Նա ուղիղ եթերում հանդես էր գալիս որպես քաղաքական մեկնաբան։ Փեյլինի հետ մշտապես կապի մեջ լինելու համար հեռուստաալիքը հատուկ ստուդիա է պատրաստել Ալյասկայում գտնվող նրա տանը: Որպես օպերատոր հաճախ հանդես է եկել Ալյասկայի նախկին նահանգապետի ամուսին Թոդ Փեյլինը:











































