Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող հայկական գերեզմանատան սեփականության վկայականը 80 տարի անց վերադարձվել է իր տերերին՝ հաղորդում է թուրքական T24 կայքը։
Թուրքիայի հիմնադրամների գերագույն խորհուրդը Բեյօղլուի Երեք Խորան (Սուրբ Երրորդություն) եկեղեցու հիմնադրամին Շիշլիի հայկական գերեզմանատան սեփականությունը վերադարձնելու որոշում է կայացրել, որն 80 տարի առաջ առգրավվել էր պետության կողմից։
Գերեզմանատան տարածքը կազմում է 41 հազար 950 քառակուսի մետր, իսկ արժեքը՝ 750 միլիոն թուրքական լիրա է (309.4 մլն ԱՄՆ դոլար)։
Հիմնադրամի փաստաբան Սիմոն Չեքեմը հայտարարել է, որ 1830 թվականին Օսմանյան կայսրության կողմից հայերին տրամադրված այս տարածքը, որն ի սկզբանե զբաղեցրել է 50 հազար քմ, առաջին իսկ օրից օգտագործվել է որպես գերեզմանատուն։ Այն Ստամբուլի քաղաքապետարանին է հանձնվել 1930 թվականին:
«Ուրախ ենք, որ վերջապես մեզ հաջողվեց հետ ստանալ սեփականության վկայականը»,- հավելել է Չեքեմը։
Նշենք, որ եկեղեցու հիմնադրամը դեռևս 2011 թվականին դիմել էր Թուրքիայի հիմնադրամների գերագույն խորհուրդ՝ գերեզմանատան սեփականության վկայականի պահանջով։










































