Հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը, որը «Տաշիր-2011» մրցանակաբաշխության ժամանակ նույնպես բնակարան նվեր ստացավ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ այն աղմուկին, որը բարձրացրել են մրցանակաբաշխությունից հետո: Ջիվան Գասպարյանը ասաց, թե ինքը զարմացած է այս խոսակցություններից, երբ մեկը մեկին վիրավորում է: «Մենք այսօր Ռուսաստանում հարուստ լավ-լավ տղերք ունենք: Եթե այդ մարդիկ լավ բաներ են ուզում անել, ինչու են նրանց վիրավորում: Այսօր արտիստներին են տալիս, վաղն էլ կտան անապահովներին, բժիշկներին, գիտնականներին»,-ասաց դուդուկահարը և որպես օրինակ բերեց Գագիկ Ծառուկյանին, «ում արևով», ըստ Գասպարյանի, «երդում են ուտում», կամ Սամվել Կարապետյանին՝ «տղեն լավ բաներ է անում թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի հայերի համար»:
Ջիվան Գասպարյանն ասաց, թե ինքը վիրավորվել է, երբ լրագրողներից մեկը հարցրել է՝ չի՞ պատրաստվում իր բնակարանը նվիրել անօթևան մի ընտանիքի: «Ո՞նց կլինի: Դա ինձ նվիրել են, ես էլ ուրիշի՞ նվիրեմ, բա նվիրողը չի՞ ասի՝ ընկեր Գասպարյան, էս իմ փողերով ուզում էս ուրիշին լավություն անել: Դա գեղեցիկ բան չէ»:









































