Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի անվան հետ կապված բուռն քննարկումները շարունակվում են: Գաղտնիք չէ, որ պորտուգալացին վատ հարաբերություններ ունի թիմի մի շարք ֆուտբոլիստների, այդ թվում և ավագի՝ Իկեր Կասիլյասի հետ, ինչ պատճառով արժանացել է «արքայական ակումբի» հազարավոր երկրպագուների հակակրանքին:
ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչներ բաց չեն թողնում թիմի ֆուտբոլիստների և գլխավոր մարզչի կոնֆլիկտի հետ կապված տարատեսակ պատմություններ հորինելու նպաստավոր պահը, քանի որ դրանք հիմա այնքան ճշմարիտ կթվան, որքան երբեք: Այդ է վկայում նաև տարածված ինֆորմացիան, իբր Կասիլյասն ու Ռամոսը, հանդիպելով թիմի ղեկավարությանը, պահանջել են պաշտոնանկ անել պորտուգալացուն, այլապես իրենք կլքեն թիմը:
Դա ստիպեց ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին մամլո ասուլիս հրավիրել և պաշտոնապես հերքել այն. «Որոշել եմ խախտել սկզբունքս ու մեկնաբանել ԶԼՄ-ների կեղծ լուրերը: Ես ուղղակի պարտավոր եմ դա անել, քանի որ Marca-ի հոդվածն այլընտրանք չի թողնում: Այդ տեղեկատվությունն ուղղակի չի համապատասխանում մեր ավագների մակարդակին: Կան սահմաններ, որոնք չի կարելի անցնել: Վստահաբար կարող եմ հայտարարել, որ Marca-ն չի կարող նման կեղծիքներ տարածել՝ կապված «Ռեալ»-ի անվան հետ»: Այն հերքեցին նաև Ռամոսն ու Կասիլյասը՝ պաշտոնական հայտարարությամբ:
Այնուամենայնիվ, լարված մթնոլորտի առկայության պայմաններում բարձր արդյունքներ ակնկալել ուղղակի անիմաստ է: Եթե մի պահ չհավատանք ԶԼՄ-ների բազմաթիվ լուրերին՝ կապված թիմի ներքին պառակտման հետ, ապա անհաջողության այլ պատճառներ պետք է որոնենք: Դրանցից մեկն էլ կարող է լինել այն, որ թիմն արդեն 3-րդ տարին է, ինչ հանդես է գալիս նույն կազմով (բացառություն է միայն մրցակցությունը հարձակման գծում՝ Իգուաինի և Բենզեմայի միջև):
Լա լիգայում ելույթը ֆուտբոլիստներն արդեն իսկ տապալել են (20 տուրերում 4 պարտություն, 4 ոչ-ոքի և 15 միավորի տարբերություն՝ «Բարսելոնա»-ի նկատմամբ), ինչին համամիտ է նաև Ժոզեն. «Անհավանական է Լա լիգայի չեմպիոն դառնալ ընթացիկ մրցաշրջանում: Միավորների տարբերությունը չափազանց մեծ է: Պետք է մյուս մրցաշարերի վրա կենտրոնանանք: Ոչ ոք չի ասում, որ տիտղոսներ նվաճելը հեշտ գործ է: Պետք է հանգստություն պահպանենք»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է AS-ը:
Թիմին անհրաժեշտ էր նոր ցնցում, խթան՝ արթնանալու և արդյունավետ ֆուտբոլ ցուցադրելու համար (նախորդ մրցաշրջանում ակումբը վաստակել էր 100 միավոր, խփել 121 գոլ): Ահա և Ժոզեն բախումներ «կազմակերպեց» թիմի առաջատարների՝ Կասիլյասի ու Ռոնալդուի հետ՝ դառնալով երկրպագուների, ԶԼՄ-ների «թշնամին» ու ողջ ուշադրությունը սևեռելով իր վրա: Այդպիսով փոքրացավ նույն երկրպագուների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների ճնշումը ֆուտբոլիստների վրա, բայցի այդ, եղավ անհրաժեշտ ցնցումը: Պորտուգալացին մեկ փորձով երկու արդյունավետ քայլ կատարեց: Նման կերպ նա գործել է բոլոր ակումբներում, որտեղ աշխատել է՝ իր ֆուտբոլիստներին զերծ պահելով լրացուցիչ ճնշումից: Սակայն այս քայլերը միջոց են արդյունքի հասնելու:
Միայն Իսպանիայի գավաթը նվաճելու դեպքում Ժոզեն, ամենայն հավանականությամբ, կհեռացվի «Ռեալ»-ից: Պորտուգալացին ջանք չի խնայելու «Ռեալ»-ի ՉԼ 10-րդ գավաթը նվաճելու և խաթարված հեղինակությունը վերականգնելու համար: Սակայն արդեն 1/8 եզրափակիչում «Ռեալ»-ի հակառակորդը «Մանչեսթեր Յունայթեդ»-ն է, որի դեմ իսպանական թիմը, հավանաբար, պայքարելու է առանց իր ավագ Իկեր Կասիլյասի: (Ինչպես հայտնի է, Իկերը վնասվածք է ստացել):
3 տարիների ընթացքում Լա լիգայի չեմպիոնական 1 տիտղոս, Իսպանիայի գավաթ, Սուպերգավաթ և այդպես էլ անհասանելի ՉԼ: ՉԼ-ում ձախողման դեպքում Իսպանիան այդպես էլ անառիկ կմնա Ժոզեի համար, քանի որ այդ պարագայում ընթացիկ մրցաշրջանից հետո պորտուգալացին «Ռեալ»-ի ղեկին, ամենայն հավանականությամբ, այլևս չի լինի:







































