Սուդանի և Հարավային Սուդանի նախագահների միջև բանակցությունները, որոնք կայացել են ուրբաթ, ավարտվել են առանց արդյունքի, քանի որ Խարթումը չի ցանկացել փոխզիջման գնալ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին լրագրողներին հայտարարել է Հարավային Սուդանի պատվիրակության ղեկավար Պագան Ամումը:
«Եթովպիայում երկու նախագահների հանդիպումը որևէ լուծման չի հանգեցրել, քանի որ Սուդանը հրաժարվել է նախկին պայմանավորվածություններից»,- ասել է Ամումը:
Սուդանի արտգործնախարար Ալի Քարթին իր հերթին նշել է, որ Հարավային Սուդանը խոչընդոտներ է ստեղծում նախկին պայմանավորվածությունները իրականացնելու շուրջ և ամեն անգամ առաջ է քաշում նոր առաջարկներ:
Սուդանի և Հարավային Սուդանի նախագահներ Օմար Բաշաիրը և Սալվա Քիիրը բանակցություններ են անցկացրել Եթովպիայում` Աֆրիկյան միության գագաթնաժողովի նախաշեմին: Երկու երկրների միջ հարաբերությունները լինելու են գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը: Նրանք քննարկել են երկու երկրների սահմաններին անվտանգության վերահսկման մեխանիզմ ստեղծելու հարցը, վիճելի շրջանի ներառումը ապառազմականացված սահմանային գոտի և վիճելի Աբեյ տարածքի խորհրդարանի ձևավորումը: Սակայն Բաշիրը և Քիիրը չեն կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել հարցերից ոչ մեկի շուրջ:
Նշենք, որ Աֆրիկյան միության գագաթնաժողովը տեղի է ունենալու կիրակի:









































