Իտալիայի կառավարությունը որոշում է կայացրել Հռոմի Կոլիզեումը հանձնել Tod’s կոշիկների ապրանքանիշի սեփականատեր Դիեգո դելլա Վալլեին: Ինչպես հաղորդում է իտալական Corriere della Serra թերթը, դելլա Վալլեն ստացել է իրավունք վերականգնելու համաշխարհային նշանակության այս հուշարձանը: Պայմանագիրը ստորագրվել է 15 տարով: Գործարարը պարտավորվել է մինչև 15 մլն. եվրո ներդնել հուշարձանի վերկանգնման համար:
Սակայն այս «գործարքը» լուրջ քննարկումների տեղիք է տվել Իտալիայում, որովհետև ըստ պայմանագրի գործարարը որոշակի իրավունքներ է ստանում Կոլիզեումի նկատմամբ: Չնայած Դիեգո դելլա Վալլեն բազմիցս հայտարարել է, որ Կոլիզեումն իր համար գումար աշխատելու միջոց չէ, սակայն նա ստացել է որոշ էքսկլյուզիվ իրավունքներ, այդ թվում` կոլիզեումի պատկերի օգտագործումը կոմերցիոն նպատակներով: Բացի այդ նա կարող է գրանցել «Կոլիզեումի ընկերներ» ապրանքանիշը (Amici del Colosseo) և տեղադրել Tod’s ապրանքանիշը ամֆիաթատրոնի մուտքի մոտ:
Վրդովմունքը մեծ է նաև այն պատճառով, որ այս գործարարը սերտ կապեր ունի Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսոնիի հետ:









































