Ամերիկացի դերասան Ջեկ Նիկոլսոնը, որը հայտնի է «Չինական թաղամաս», «Թռիչք կկվաբնի վրայով», «Ուրացողներ» և մի շարք այլ ֆիլմերում գլխավոր դերերով վաճառում է Կալիֆորնիայի Մալիբու քաղաքում գտնվող իր տունը 4,25 մլն դոլարով: Այս մասին հաղորդում է The Los Angeles Times:
Լրատվամիջոցի հաղորդմամբ, 28 հեկտար տարածքի վրա տեղակայված է հիմնական շինությունը` ռանչոյի տեսքով, պահակատունը, թենիսի դաշտը, փոքրիկ տարածք նախատեսված գոլֆի համար, լողավազան և սպա կենտրոն: «Միհարկանի տնից, որը կառուցվել է 1966թ.-ին, բացվում է գեղեցիկ տեսարան դեպի լեռներն ու օվկիանոսը, ինչպես տան հարևանությամբ հնարավորություն է ստեղծված զբաղվել ձիարշավով»,-նշում է թերթը: Սակայն չի նշվում, թե կոնկրետ որոնք են Նիկոլսոնի կողմից սիրված այս տան վաճառքի պատճառները:
Թերթն ավելացնում է, որ 215 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տանը կա 3 ննջասենյակ, երկու լողասենյակ և տարածք հավաքարարի համար։ Նիկոլսոնը գնել է այս տունը 1977թ.-ին: Նա անշարժ գույք ունի նաև Լոս Անջելեսում և Բևերլի Հիլզում:









































