Որոշ բանկեր դադարեցրել են վարկավորումը, քաղաքացիներին կա́մ մերժում են միանգամից, կա́մ դիմումներն արհեստականորեն ձգձգում են: Դրամ-դոլար փոխարժեքի կտրուկ տատանման հետևանքով ԿԲ-ն փոխեց մի քանի նորմատիվային պահանջներ, և դրա հետևանքով բանկերի մեծ մասն անցան նոր քաղաքականության, որի հիմքում զգուշավորությունն է և ռիսկերի մանրամասն վերլուծությունը: Այս պարագայում բանկերը սկսել են բարձր տոկոսադրույքներ սահմանել դրամային ավանդի համար և վերանայել վարկերի տոկոսադրույքները:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում 6 բանկերի տեղեկատուներից հայտնեցին, որ իրենց մոտ վարկերի համար տոկոսադրույքների փոփոխություն ընդհանրապես չի եղել: «Յունիբանկ»-ի աշխատակիցը տեղեկացրեց, որ այս պահին իրենց բանկը միայն դրամով, այն էլ ապառիկ տարբերակով կարող է սպառողական վարկ տրամադրել, մնացած վարկատեսակներից օգտվել այս պահին հնարավոր չէ, քանի որ մշակման փուլում են, պետք է դիմել փետրվարի սկզբին:
«Ինեկոբանկ»-ից հայտնեցին, որ իրենց բանկում բոլոր վարկատեսակները դադարեցված են: «Ամերիա» բանկից տեղեկացրին, որ բանկը բոլոր հաճախորդներին սպասարկում է և տրամադրում բոլոր վարկներն առանց տոկոսադրույքների փոփոխության:
Սպառողական վարկերը ժամանակավորապես դադարեցրել է նաև «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը», սակայն այլ վարկատեսակները հասանելի են քաղաքացիների համար: «Անելիք բանկ»-ից հայտնեցին, որ իրենց մոտ վարկերի տոկոսադրույքների և ժամկետների փոփոխություն չի եղել, պայմանները մնացել են նույնը: Ինչ վերաբերում է ձգձգումներին, տեղեկատուից հայտնեցին, որ նման դեպքերը բանկում բացառված են, քանի որ հայտերի ուսումնասիրության համար հստակ ժամանակացույց է սահմանված:
Այս փոքրիկ հարցախույզը ցույց է տալիս, որ այնուամենայնիվ կան բանկեր, որոնք բարձրաձայնում են, թե դադարեցրել են վարկավորումը կամ որոշ վարկատեսակներ, մնացած բանկերի դեպքում թեև նշում են, որ վարկեր տրամադրվում են, սակայն դիմած շատ քաղաքացիների դեռ դեկտեմբերի սկզբից սպասում են իրենց դիմումի քննությանը կամ արդեն ստացել են գրավոր մերժումներ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բանկերից մեկի վարկային փորձագետը նկատեց, որ իրենց բանկը ռիսկերի չի գնում և սպասարկում է միայն մշտական և կորպորատիվ հաճախորդներին, նոր հայտերի դեպքում քաղաքացիներին տեղեկացնում են, որ ուսումնասիրությունը կարող է նշված ժամկետից երկար տևել:
«Եթե մի ժամանակ բանկը կարողանում էր որոշ բացերի վրա աչք փակել, ապա այսօր մանրակրկիտ ուսումնասիրվում է հայտատուի վարկունակությունը, եկամուտների կայունությունը, վարկային պատմությունը, մարումների գրաֆիկը և այլ կետեր: Կարելի է ասել՝ խստացվել են պահանջները, հույս ունեմ՝ իրավիճակի կայունացման տեմպը կշարունակվի, և նախկինի պես կկարողանանք սպասարկել նաև նոր հաճախորդներին»,- նկատեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս պահին իր սեղանին 50-ից ավելի հայտեր կան, որոնց 80 տոկոսը կարող է բավարարվել:
Ստացվում է՝ այս պահին բանկերն արհեստականորեն ձգձգում են հայտերի ուսումնասիրությունը, որպեսզի կարողանան ժամանակ շահել և հստակեցնել իրեն հետագա անելիքները:









































