«X զրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը՝ նույն ինքը՝ Ձվերի Խաչիկը, հունվարի 10-ին «Ժողովուրդ» օրաթերթի դեմ դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով իր ու «Երևանի թռչնաֆաբրիկա»-ի պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավն արատավորելու և վիրավորելու համար որպես փոխհատուցում վճարել 3 մլն դրամ: Բայց սա դեռ ամբողջը չէ: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, մասնակիորեն բավարարելով Խաչատրյանի կողմից ներկայացրած միջնորդությունները՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, որոշել է արգելանք դնել «Ժողովուրդ» օրաթերթի և լրագրող Ս. Գրիգորյանի գույքի վրա:
Հիշեցնենք, որ խոսքն այն գործարարի մասին է, որը վերջերս վիրավորել էր «Ժողովուրդ»-ի թղթակցին, ինչից հետո թերթի խմբագրությունը դիմել էր դատարան՝ պահանջելով ներողություն խնդրել: Ինչպես ասում են, սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում: Ու Ձվերի Խաչիկն իր խոսքերի համար պատասխան տալու փոխարեն ինքն է դատարան դիմում: Իսկ Սերժ Սարգսյանի ապահով Հայաստանի «ամենաանկախ» դատարանն էլ բավարարում է գործարարի քմահաճույքները:
«Սա ոչ այլ ինչ է, քան հստակ փորձ՝ նախընտրական այս թոհուբոհում սնանկացնելու ճանապարհով փակել «Ժողովուրդ» օրաթերթը»,- հավելում է «Ժողովուրդ»-ը:










































