Բանկերն այս օրերին հայտնվել են դժվար կացության մեջ, գրեթե բոլոր բաժիններում անգործություն է: Աշխատակիցները պարտաճանաչ գալիս են աշխատանքի, սակայն անելու գործ չունեն: Հիմնականում աշխատում են բանկերի տեղեկատուն, փոխանակման կետերը՝ գումարային հստակ սահմանափակումներով, դիմումների ընդունման բաժինը և այլն:
Երևանյան բանկերից մեկի աշխատակիցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ պասիվ գործունեության արդյունքում իրենց բանկում կրճատումներ չեն եղել և չեն էլ լինելու, սակայն բանկի աշխատասենյակներում տարբեր աշխատակիցների մակարդակով քննարկվում է, թե երբ է այս վիճակն անցնելու և բնականոն աշխատանքը վերականգնվելու:
«Մեր հաճախորդներին չենք ասում՝ վարկ չենք տրամադրում: Խնդրում ենք նրանց փաստաթղթեր ներկայացնել, գործերի 90 տոկոսը մերժվում է, իհարկե, առանց հիմքերի, սակայն հաճախորդներին չկորցնելու համար աշխատանքի իմիտացիա ենք անում»,- հայտնեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ ոչ մի տեսակ վարկ իրենց բանկն այս պահին չի տրամադրում, քանի որ սպասում են առկա ճնշումների թուլացմանը. «Ժամկետներ չեն քննարկվում, թե երբ կաշխատի բանկային համակարգը, այսպես շարունակվելու դեպքում բանկը կսկսի ֆինանսական կորուստներ ունենալ, տարիների ընթացքում ձեռք բերած գործընկերներին կորցնել: Երևի շուտով ԿԲ-ն լրջորեն կանդրադառնա խնդրին»:
Մեր ունեցած տեղեկություններով՝ այս պահին բանկային համակարգում վարկային դիմումներն արհեստականորեն ձգձգվում են, որովհետև բանկերը ևս շահագրգռված են հնարավորինս շուտ սկսել իրենց գործունեությունը և գործարկել վարկային պորտֆելները: Այս պահի դրությամբ դեռևս կանխատեսելի ժամկետներ չկան: Արդյունքում տնտեսությունը սկսում է ճգնաժամ ապրել, քանի որ երկրում ֆինանսական շարժեր չկան:
«Մեր բանկի համար հիմա լուրջ խնդիր է հաճախորդներին տրամադրել իրենց դոլարային փոխանցումները, առավելագույնը, որ հնարավոր է, 2000-3000 դոլարն է: Կամ մերժում ենք, կամ եթե հաճախորդը կարողանում է իր կապերն օգտագործել բանկի ղեկավարների մասշտաբով, հրահանգվում է սպասարկել նրան»,- նկատեց վերջինս:
Մեկ այլ բանկի մարքեթինգի բաժնի աշխատակից տեղեկացրեց, որ իրենց բանկը մշտական հաճախորդների համար սահմանափակումներ չունի, տրամադրում է հիպոթեքային և այլ վարկեր, դժվարություններ կան միայն նոր հաճախորդների համար:
Ըստ մեր զրուցակիցների՝ կուլիսային խոսակցությունները երբեմն հեռու են իրականությունից, իսկ մոտավոր ժամկետներ կանխատեսել այս փուլում դեռ հնարավոր չէ:
Նշենք, որ այս վիճակը պայթյունավտանգ է բանկային համակարգի համար, որոշ տնտեսագետներ արդեն բարձրաձայնել են, որ այս պայմաններում բանկային ճգնաժամն անխուսափելի է, ազդեցությունը երկրի տնտեսության և շարքային քաղաքացու համար՝ ցավոտ:








































