ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքի օրենսդիր խորհուրդը միաձայն քվեարկել է Ադամ Լենզայի տունը քանդելու օգտին։ Նա 2012 թվականին «Սենդի Հուկ» դպրոցում զանգվածային սպանություն էր իրականացրել։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Քաղաքային վարչակազմի ներկայացուցիչ Պատրիցիա Լլոդրայի խոսքով՝ հողից ստացված ցանկացած եկամուտ կուղղվի զոհերի ընտանիքներին։
Զանգվածային սպանությունը դպրոցում տեղի էր ունեցել 2012-ի դեկտեմբերի 14-ին։ 20-ամյա Ադամը սպանել էր մորը, այնուհետև հրացանով ներխուժել դպրոց, որտեղ նրա զոհն էին դարձել 20 երեխա և 6 մեծահասակ։ Զոհերի թվում էին հաստատության տնօրենն ու հոգեբանը։ Ոստիկաններին տեսնելուն պես հանցագործն ինքնասպան էր եղել։
Լենզան տառապել է Ասպերգերի համախտանիշով, որը աուտիզմի թեթև տեսակ է։ Դպրոցը քանդվել է 2013-ին։ Այնտեղ նոր դպրոց է կառուցվում։










































