Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանին կրկին կանչել են հարցաքննության` Ֆրանսիայի Լիլ քաղաքի Carlton հյուրանոցում մարմնավաճառների մասնակցությամբ կազմակերպված երեկույթների գործով, հաղորդում է Agence France-Presse-ը:
Հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրի խոսքերով` Ստրոս Կանը քննիչների հետ հանդիպելու է հինգշաբթի Լիլ քաղաքի արդարադատության պալատում:
Այս գործի հետաքննությունը տևում է ավելի քան մեկ տարի: Հետաքննությունը կարծում է, որ մեղադրյալները, այդ թվում Ստրոս Կանը, Ֆրանսիայում և արտասահմանում կազմակերպել են երեկույթներ մարմնավաճառների մասնակցությամբ կամ մասնակցել են այդ երեկույթներին:
Հետաքննության կարծիքով` գործում առկա են ծանրակշիռ ապացույցներ, որոնց համաձայն՝ Ստրոս Կանը կարևոր դեր է խաղացել երեկույթների կազմակերպման գործում և հիանալի տեղեկացված է եղել, որ դրանցում մասնակցող կանայք մարմնավաճառներ են և գումար են ստանում:
Ակնկալվում է, որ հետաքննությունը կավարտի 2013թ. ամռանը:











































