Գալիք նախագահական ընտրություններին ընդառաջ «Արմնյուզ» հեռուստաընկերության պատվերով Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի և Gallup Organization-ի կողմից համատեղ իրականացված ուսումնասիրության հերթական արդյունքները կհրապարակվեն հունվարի 29-ին՝ «Մարիոթ» հյուրանոցում: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավար Գևորգ Պողոսյանը: Նա նշեց, որ այսօր վերջացնում են հարցումների արդյունքների հավաքագրումը և մուտքագրումը, որից հետո դրանք պատրաստ կլինեն հրապարակման:
«Հարցումները սկսել ենք իրականացնել հունվարի 15-ից հետո, երբ բոլոր թեկնածուները հաստատված էին ԿԸՀ-ի կողմից: Ներկայացնելու ենք ՀՀ նախագահի ութ թեկնածուների ռեյտինգները»,- մանրամասնեց Գևորգ Պողոսյանը՝ հավելելով, որ այս արդյունքների հրապարակումից հետո հերթական արդյունքները ներկայացնելու են փետրվարի 9-ին: Ըստ սոցիոլոգի՝ նախագահական ընտրության օրն առավոտյան ժամը 08.00-ից մինչ 20.00-ը Exiq Poll է իրականացվելու:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններին ընդառաջ առաջին հարցումներն իրականացվել էին դեկտեմբերի 5-14-ը, երբ դեռ հայտնի չէր նախագահի որևէ թեկնածու։ Ըստ այդ հարցումների՝ ընտրողների 49 %-ն առաջիկա նախագահական ընտրություններում իր ձայնը կտար Սերժ Սարգսյանին, 21 %-ը` Գագիկ Ծառուկյանին, 6 %-ը` Լևոն Տեր-Պետրոսյանին, 5-ական տոկոս կհասներ Ռոբերտ Քոչարյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին։










































