Ստրասբուրգում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանդիպել է մարդու իրավունքների հարցերով Եվրոպական դատարանի նախագահ Դին Սփիլմանի հետ: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, հանդիպումն անցել է փակ դռների հետևում, սակայն հայտնի է, որ կողմերը խոսել են մարդու իրավունքների պաշտպանության, Ռուսաստանի դեմ ներկայացրած հայցի մասին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանի խորհրդարանի անդամներ:
Հանդիպումից հետո Սաակաշվիլին լրագրողներին ասել է, որ մոտակա շաբաթներին Եվրոպական դատարանը կհայտարարի Ռուսաստանի դեմ ներկայացրած Վրաստանի հայցի որոշման մասին:
«Մենք , իհարկե, չենք քննարկել այդ գործը, որը հստակ է, և որի շուրջ որոշումները կայացնում են Եվրադատարանի դատավորները, սակայն ընդհանուր տրամադրվածությունը հուսադրող է»,- ասել է Սաակաշվիլին:
Վրաստանի նախագահն իր ափսոսանքն է հայտնել այն կապակցությամբ, որ այն մարդիկ, որոնք Եվրադատարանում պաշտպանել են Վրաստանի շահերը, իշխանափոխությունից հետո ստիպված են եղել լքել երկիրը:









































