Այսօր Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 8-ամյա մի աղջիկ, ևս 7 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է Agence France-Presse գործակալությունը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին:
6.0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Սումատրա կղզու հյուսիսարևմտյան ափին: Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Բանդա-Աչեհ քաղաքից ընդամենը 15 կմ հարավ-արևմուտք, օջախը՝ Հնդկական օվկիանոսի մակերևույթից 84 կմ խորության վրա:
«Պիդի շրջանում 8-ամյա մի աղջիկ է մահացել այն բանից հետո, երբ ննջարանում պահարանը ընկել է նրա վրա»,- պատմել է տեղի փրկարար ծառայության աշխատակցիներից մեկը:
Նրա խոսքով՝ երկրաշարժը ավերածությունների է հանգեցրել, վիրավորվել է 7 մարդ:








































