2012թ.-ին նավթի արտահանման շնորհիվ Իրաքի բյուջե է մուտք գործել 94 մլրդ դոլար, ինչը 13%-ով ավելի է անցյալ տարվա համեմատ՝ նշում է երկրի նավթի նախարարությունը:
Դրական արդյունքներին փոքր-ինչ խոչընդոտել է Բաղդադի իշխանությունների և Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության հակամարտությունը, որի հետևանքով նավթի արտահանման ծավալները նվազել են օրական մինչև 2,35 մլն բարել՝ հաղորդում է Itar-Tass-ը:
Պատճառներից մեկն էլ այն էր, որ քրդական իշխանությունները, առանց կառավարության հավանության, օտարերկրյա ընկերությունների հետ նավթային պայմանագրեր են ստորագրել: Իշխանությունները պնդում են, որ նմանատիպ պայմանագրերը պետք է համաձայնեցվեն Բաղդադի հետ:
Ընդհանուր առմամբ 2012թ.-ը բարեհաջող է համարվում Իրաքի նավթարդյունաբերության համար: Նավթի արտահանումից Իրաքի ստացած եկամուտները տարեցտարի աճում են: 2010թ.-ին նավթի վաճառքը երկրին բերել էր 52.2 մլրդ դոլար, իսկ 2011թ.-ին՝ 83 մլրդ դոլար:
Նավթի վաճառքից ստացված գումարների 90%-ը մուտք է գործում բյուջե: Երկրում նավթի պաշարները կազմում են 143.1 մլրդ բարել, իսկ բնական գազինը՝ 3.2 տրիլիոն խորանարդ մետր:







































