ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում 2008թ. Մարտի 1-ի դեպքերի պատասխանատվության վերաբերյայ Սերժ Սարգսյանի գնահատականներին՝ բացարձակապես անընդունելի համարեց.
«Նա ասաց՝ «արդյոք միայն իշխանություննե՞րը բռնություն գործադրեցին», այսինքն՝ ընդունում է, որ իշխանությունները բռնություն են իրականացրել: Եթե իշխանությունները բռնություն են իրականացրել, նշանակում է, որ իշխանությունները պետք է պատասխան տան, սակայն արդյոք պատասխան տվե՞լ են… Ո՛չ: Եթե իշխանությունները բռնություն են կիրառում և պատասխանատվության չեն ենթարկվում, նշանակում է՝ իշխանությունը Սահմանադրություն է խախտում, եթե իշխանությունը Սահմանադրություն է խախտում, ուրեմն երկրում սահմանադրական կարգ գոյություն չունի: Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը ինչի՞ հիման վրա է այդ գնահատականները տալիս: Կա՞ ապացույց, որ ընդդիմությունն է բռնություններ կազմակերպել: Չկա: Եթե չկա, ի՞նչ իրավունքով է նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը, իսկ այժմ՝ նախագահի թեկնածուն նման հայտարարություններ անում…»:










































