Հայաստանի հասարակական տարբեր շրջանակներ երեկ ակտիվորեն քննարկում էին ապրիլի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած, իսկ Երևանում էլ ուղիղ հեռարձակմամբ հանրությանը մատուցված «Տաշիր-2011» մրցանակաբաշխությունը:
Սոցիալական այն պայմաններում, որում այժմ գտնվում է Հայաստանի Հանրապետության հասարակությունը, երբ հարյուր հազարավոր մարդիկ մի կերպ են լուծում օրվա հացի հարցը և շատերն էլ պարզապես արտագաղթում են Հայաստանից, «Տաշիր-2011» մրցանակաբաշխությունը ոչ թե շոու էր, այլ ցինիզմի շքերթ: Մրցանակաբաշխության ընթացքում ճոխ նվերներ, բնակարաններ, մեքենաներ ստացան Հայաստանի շոու-բիզնեսի ներկայացուցիչները, որոնց սոցիալական վիճակը, մեղմ ասած, բարվոք էր, և նրանք հաստատ կարող էին առանց տրամադրության որևէ անկման յոլա գնալ նաև առանց թանկարժեք նվերների, որ մատուցում էր Տաշիրի Սամոն` Ռուսաստանի հայտնի գործարար Սամվել Կարապետյանը: Բնական էր, որ սոցիալ-դեմոգրաֆիական այն ֆոնին, որ առկա է Հայաստանում, Տաշիրի այդ մրցանակաբաշխությունը դառնալու էր բուռն քննարկման և քննադատության առարկա: Թե՛ հանրային տարբեր խմբերում, տարբեր շերտերում, թե՛ սոցիալական ցանցերում առակա էին բավական թեժ գնահատականներ ու մեկնաբանություններ: Բայց տվյալ պարագայում երևույթը դրսևորեց մեկ այլ խնդիր էլ, որ կարելի է համարել նաև լուսնի հակառակ կողմը, որտեղ նույնպես կա մտահոգությունների տեղիք:
Բանն այն է, որ հասարակական տարատեսակ քննարկումներում հայտնվում էին արձագանքներ, որոնց հեղինակները հայտարարում էին, որ իրենք պարզապես հեռուստատեսությամբ այդպիսի միջոցառումներ չեն նայում, գերադասում են ընդհանրապես հայկական եթերին չհետևել ու չզայրանալ այդօրինակ երևույթների ականատես լինելով: Փաստացի կա հանրային մի շերտ, թեկուզ գուցե փոքր, որը պարզապես փորձում է չնայելով հարցը համարել փակված: Այսինքն` թող ինչ-որ մարդիկ ինչ-որ ենթակառուցվածքների, տեղեկատվական խողովակների գործածությամբ հանրային ինչ-որ գործունեություն ծավալեն, որը, մեղմ ասած, զայրացնող է, իսկ ընդհանրապես բնորոշում է, այսպես ասած, համազգային «էլիտայի» կորստաբեր մտածողությունն ու հոգեբանությունը, իսկ հասարակությունն էլ թող դրանից պաշտպանվի ընդամենը չնայելով: Այլ կերպ ասած` կա հասարակության մի շերտ, որը գերադասում է այդօրինակ համազգային երևույթներին արձագանքել ջայլամային քաղաքականության ոճով` ուղղակի չնկատելու տալ ինչ կա ու վայելել կյանքը: Ինչո՞վ է այս խնդիրը ոչ պակաս մտահոգիչ, քան այն, ինչ հեռարձակվում էր ուղիղ եթերում:
Նախ` շատ դժվար է ասել, չնայած հասարակության բուռն և փաստացի համարժեք արձագանքին, թե այդուհանդերձ հայաստանյան ամբողջ հասարակության ո՞ր մասն է այդ արձագանքի կրողը, իսկ ո՞ր մասն է կամա, թե ակամա հանդիսանում ջայլամային քաղաքականության հետևորդ: Դա չափելու համար կա, թերևս, ծավալուն սոցհարցման կարիք, որի համար ժամանակ և միջոցներ են պետք: Բայց անգամ եթե համարժեք արձագանքի կրողներն ավելին են, քան ջայլամային մոտեցման հետևորդները, միևնույն է, արդեն այն, որ կա այդօրինակ ոճ և այն դրսևորվում է` ահազանգ է, որ հասարակության մոտ բավական մեծ է անտարբերության ցուցիչը: Այլապես այն չէր նկատվի նույնիսկ նկատելու մեծ ցանկության պարագայում: Մինչդեռ այդ անտարբերության հետևանքն է բարոյական այն անկումն ու դեգրադացիան, որ տարիների ընթացքում արձանագրվել է թե՛ հայաստանյան, թե՛ համահայկական «էլիտայի» շրջանակներում:
Հասարակական անտարբերության բարձր աստիճանի հետևանքն է ներկայիս խրախճանքը «ժանտախտի» ժամանակ: Այն միշտ թվացել է հեռու, միշտ թվացել է անհնար, միշտ թվացել է, որ ի վերջո բանն այդ աստիճանի չի հասնի և ինչ-որ պահի «էլիտան» կանգ կառնի, ուշքի կգա, կփորձի վերանայել արժեքները, վերանայել հասկացությունները: Բայց տարեցտարի այդ անհնար թվացողից ինչ-որ բան հնարավոր է դարձել, մի քիչ զարմացել ենք ու անցել առաջ` մտածելով, որ սահմանը դա էր, ու դրանից այն կողմ արդեն հաստատ չեն անցնի: Հետո մյուս տարի մի քիչ էլ անցել են, ու էլի մի քիչ զարմացել ենք` ավելի շատ մնալով անտարբեր: Հետո նույնը հաջորդ տարի, և այդպես շարունակ, մինչև այժմ արդեն այդ անկումն ու ցինիզմը ընդհուպ մեր աչքի առաջ է, ու ևս մի տարի, այն արդեն մեր աչքն է հանելու: Մեր ասելով` նկատի ունեմ Հայաստանի պետությունն ու նրա քաղաքացիներին: Ու ինչքան դեռ պահպանվեն անտարբեր շերտեր, թեկուզ համեմատության մեջ փոքրաթիվ, այդքան դժվար է լինելու մեր աչքը ցինիզմի և անկման բզից հեռու պահելը, այդ բիզը հեռու վանելը:
Չնայելով` հարց չի լուծվում, հարգելիներս: Չնայելը խորացնում է հարցը, խնդիրը, այն դարձնում առավել բարդ լուծելի: Հարցերը լուծվում են նայելով և դիրքորոշվելով, ակտիվորեն գնահատելով, որ հեղինակների մտքով անգամ չանցնի, թե իրենց ամեն մի նախաձեռնություն կարող է փայլել և պոռոտ կարգախոսների քողի տակ անցնել հալած յուղի նման: «Էլիտայի» պատասխանատվության խնդիրը աներկբա ընդունելով և այն ամենաբարձր աստիճանին դնելով, այդուհանդերձ, պետք է ընդունենք, որ տարիներ շարունակ եղել է և առայսօր կա նաև հանրային պատասխանատվության խնդիր: Դրանով, իհարկե, «էլիտայի» պատասխանատվությունը չի նվազում ոչ մի գրամով կամ միլիմետրով, բայց նաև այդ պատասխանատվության աներկբայությունը չի նվազեցնում հանրային պատասխանատվության խնդիրը: Այն նույնպես Հայաստանում հրատապ լուծում է պահանջում, չնայած հասարակական, քաղաքացիական աննախադեպ աշխուժությանն ու նախաձեռնողականությանը, որ դրսևորվում է Հայաստանում վերջին երեք-երեքուկես տարիների ընթացքում, պետք է ընդունել և արձանագրել, որ այն դեռևս բավարար մակարդակի վրա չէ, Հայաստանի առաջ կանգնած արտաքին ու ներքին թե՛ ֆիզիկական, թե՛ բարոյահոգեբանական մարտահրավերներին համարժեք ծավալի չէ: Այստեղ կա անելիք, և այստեղ էլ չկա ժամանակ: Ուրեմն պետք է շտապել: Պետք է շտապել նայելու և դիրքորոշվելու, քանի դեռ բոլոր դիրքերը չէ, որ զբաղեցրել է «էլիտան»:
Լուսանկարը` «Հետք»-ի











































