Դավոսի տնտեսական համաժողովում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպման մասին բանակցություններ չեն տարվում: Gruziya Online-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Վրաստանի կառավարության նիստի ավարտին լրագրողներին հայտնել է երկրի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:
Նրա տեղեկություններով՝ ծրագրված է Իվանիշվիլիի հանդիպումը Շվեյցարիայի, Լեհաստանի և Ուկրաինայի առաջին դեմքերի, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ: Համաժողովի ընթացքում վարչապետը կմասնակցի մի քանի նիստերի: Քանի որ միջոցառումը տնտեսական բնույթի է, այնտեղ կհավաքվեն տարբեր երկրների տնտեսական ոլորտի ներկայացուցիչները: Սակայն Մայա Փանջիկիձեի խոսքով՝ նման միջազգային համաժողովների մասնակիցները առիթից օգտվում են, և որպես կանոն, անցկացնում նաև քաղաքական հանդիպումներ:
Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումը ծրագրված է հունվարի վերջին:










































