Հրանտ Բագրատյանը կօգտվի քաղաքական գովազդի՝ գրեթե բոլոր հեռուստաընկերությունների առաջարկներից: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Կարինե Հարությունյանը:
Նա տեղեկացրեց, որ հեռուստաընկերությունների քաղաքական գովազդի սակագներին ծանոթացել են, համարում են, որ գները խելամիտ են: «Մենք օգտվելու ենք գրեթե բոլոր հեռուստաընկերությունների առաջարկած ծառայություններից: Եթե համեմատենք, կան ավելի բարձր, ավելի ցածր գներ։ Մենք ընթացքում կորոշենք, թե որ հեռուստաընկերությունների ծառայություններից կօգտվենք, բայց կարծում եմ՝ մեծամասնության»,- հստակեցրեց Կ. Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի պաշտոնական կայքէջում արդեն տեղադրված են տեղեկություններն այն մասին, թե նախագահական ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում հեռուստաընկերություններում քաղաքական գովազդի մեկ րոպեն ինչ արժողությամբ և օրվա որ ժամներին է տրամադրվելու ՀՀ նախագահի թեկնածուներին:









































